20 000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը դատապարտվեց ազատազրկման. պաշտպանական կողմը կբողոքարկի

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել:

168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց, որ միանշանակ բողոքարկելու են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս դատավճիռը: Դատարանը հրապարակել է դատավճռի միայն եզրափակիչ մասը, դատարանի հետևություններին պաշտպանական կողմը ծանոթ չէ, սակայն դատավճիռը գնահատում է՝ որպես ակնհայտ անհիմն, քանի որ իր պաշտպանյալի արարքին սխալ քրեաիրավական գնահատական է տրվել:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի` Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել և 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 դրամին համարժեք՝ 20.000 դոլար կաշառք:

Տեսանյութեր

Լրահոս