Մեդվեդևի պաշտոնանկությունը պահանջող բանաձևն ստորագրել է ավելի քան 150 հազար մարդ
Change.org կայքում հրապարակված բանաձևը, որը պահանջում է աշխատանքից ազատել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Մեդվեդևը ցածր աշխատավարձերից բողոքող ռուսաստանցի ուսուցիչներին խորհուրդ է տվել փոխել մասնագիտությունն ու բիզնեսով զբաղվել:
«Ինձ հաճախ են հարցնում ուսուցիչների և դասախոսների մասին: Դա կոչում է, իսկ եթե ցանկանում եք գումար վաստակել, կան բազմաթիվ հիանալի տեղեր, որտեղ հնարավոր է դա անել արագ ու ավելի լավ, օրինակ` նույն բիզնեսը»,- հայտարարել է Մեդվեդևը` պատասխանելով Դաղստանից ժամանած ուսուցիչներից մեկի հարցին:
Վերջինս հարցրել է, թե ինչու են Ռուսաստանում ուսուցիչներն ու դասախոսները ստանում ամսական 10 000-15 000 ռուբլի աշխատավարձ, իսկ ոստիկանության և ուժային գերատեսչությունների աշխատակիցները`50 000 ռուբլի և ավելի:
«Պետք չէ դա համեմատել: Հարցն այն է, թե ինչ ես դու ընտրում կյանքում: Յուրաքանչյուր մարդ կյանքում ընտրում է այն, ինչ իր համար կարևոր է»,- ասել է Մեդվեդևը:
Նրա արտահայտությունները հարուցել էին ՌԴ հասարակության դժգոհությունը:
Բանաձևի տեքստում ասվում է, որ երկրի նախարարների կաբինետը «պետք է ղեկավարի կոմպետենտ, կիրթ» մարդը: