
Անահիտ Բախշյանը չի հավատում Գևորգ Կոստանյանի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական պատճառաբանությանը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական պատճառաբանությանը, թե նա առողջական խնդիրներ ունի, Երևանի ավագանու «Բարև,Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հավատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին` արդյոք իր կարծիքով հրաժարականը կապ ունի՞ վերջերս կատարվող իրադարձությունների հետ, Անահիտ Բախշյանը պատասխանեց.
«Դրդապատճառը, որ պաշտոնապես հայտարարվեց, որ առողջական խնդիրներ ունի, բոլորովին հավաստի չէ, չենք հավատում դրան: Իհա՛րկե կապ ունի: Տարբեր պատճառներ կարող են լինել: Մասնավորապես՝ այն, որ այն ժամանակ գլխավոր դատախազը «Շանթի» հեռուստաեթերում հարցազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ, եթե «Սասնա ծռերը» զենքը վայր դնեն, ապա քրեական պատասխանատվության ինչ-որ կետեր դուրս կգան, այսինքն` կթեթևանա պատիժը, բայց հետո, երբ զենքերը վայր դրեցին, պարզվեց, որ դատախազը պարզապես սուտ է խոսել, և կարող է հանկարծ ինքը վիրավորված լինի այդ վիճակից և հրաժարական տա: Շատ նորմալ կլիներ, եթե այդպես լիներ, ես կուզենայի, որ այդպես լիներ: Չգիտեմ: Նաև երեկ տարածվեց Վիտալի Բալասանյանի ձայնագրությունը. նույն բանն էլ այնտեղ է: Նույն խոստումները Սերժ Սարգսյանի անունից տալիս է Վիտալի Բալասանյանը` հանդիպման խոստումը, որ, եթե ցած դնեն զենքերը, ապա Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Պարզվեց, որ Վիտալիին էլ են խաբել: Սովորական երևույթ է մեր իշխանավորների կողմից, երբ իրենք իրենց խոսքի տերը չեն»: