«Եթե արդարադատությունը չի գործում, ընդվզումները սկսելու են ավելի մեծ բնույթ կրել»
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար հիմք են հանդիսացել ոստիկանների շինծու ցուցմունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:
Նա նշեց, որ իրավաբանությունը մնացել է ետին պլանում, կամայական դրսևորումներ են:
«Զավեշտն այն է, որ երբ ինչ-որ ոստիկանի մեկը մատով կպնում է, մի երկու ժամվա ընթացքում այդ անձին հայտնաբերում, ձերբակալում, հետո կալանավորում են, բայց այսքան լրագրողների, մասնակիցների ծեծեցին, ջարդեցին, Ոստիկանությունն ինչ կամայականություններ ասես՝ թույլ է տալիս` մարդկանց տներից առևանգում, տանում է, համացանցը ողողված է դրա վերաբերյալ փաստերով, էլ չեմ ասում՝ դեռ անցած տարի Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից ծեծուջարդի կապակցությամբ տարուց ավելի է` Հատուկ քննչականում քրեական գործ է հարուցված, մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մի ոստիկան չի ձերբակալվել: Հետո ասում են` ինչո՞ւ այսպես եղավ:
Եթե արդարադատությունը չի գործում, ընդվզումները սկսելու են ավելի մեծ բնույթ կրել»,- ասաց նա:
Անդրադառնալով կալանավորված Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի դեպքերին` նա նշեց, որ նրանք զսպել են, որպեսզի հասարակությունն էլ ավելի չգրգռվի.
«Նույն քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին հրահրում ինչ-որ գործողություններ: Եղել են քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, հետո խմբով գնացել, միացել ոստիկաններին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հենց իրենց մարդիկ են եղել»:
Նրա խոսքով` նախաքննությունն ընթանում է ի սկզբանե մշակված սցենարով:
Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ այդ օրվա դեպքերի բազմաթիվ տեսագրություններ կան, դրանք նույնիսկ հեռարձակվել են ուղիղ եթերով, և հարց հնչեցրեց` մի տեսանյութ չկա՞ր, որը կփաստեր, որ այդ մարդիկ բռնության կոչեր էին անում, զանգվածային անկարգություններ հրահրում: «Միայն ոստիկանների շինծու ցուցմունքներն են հիմք հանդիսանում: Դատարաններն էլ կարծես նախաքննական մարմինների շարունակողը լինեն»:
Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ Արմեն Մարտիրոսյանն այն պատգամավորն էր, ով իր մարմնով փրկել է ոստիկանի կյանքը: «Եվ այս մարդուն այսօր ներկայացնեն այդպիսի անհեթեթ, չհիմնավորված, կամայական կլանավորված որոշում, խոսում է այն մասին, որ Հայաստանը գլորվում է»: