«Մեր բոլոր ոստիկանապետերն ու Ոստիկանությունն ընդամենը գործիք են եղել ու մնում իշխանության ձեռքում». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ուժային կառույցներում տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ ասաց, որ Ոստիկանության աշխատողների դեպքում դա կապված է հուլիսյան իրադարձությունների հետ, իսկ գլխավոր դատախազի դեպքում, ըստ նրա՝ հուլիսյան դեպքերը կարող են գործոններից միայն մեկը լինել.
«Գլխավոր դատախազ լինելը Հայաստանում բավականին ծանր գործ է, դրա համար ես չեմ կարող ասել, թե ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ: Բայց, չնայած նրան, որ գլխավոր դատախազը հանդես եկավ շատ պարզ հայտարարությամբ՝ եթե «Սասնա ծռերը» վայր դնեն զենքը, ապա առնվազն երկու հոդվածով՝ որպես զղջում կընդունվի ու գործն այդպես կշարունակվի, սակայն հարուցված գործերն ու ներկայացված մեղադրանքները դրան չեն համապատասխանում: Եվ դա ոչ թե նրա համար, որ պոստսովետական երկիր է, այսինքն՝ դատախազի ասածը չի անցնում, այլ ուղղակի դա ավելի շատ իրավական նորմին համապատասխան հայտարարություն էր գլխավոր դատախազի կողմից, քան հետագա այն գործընթացները, որոնք մենք տեսնում ենք, երբ այս կամ այն անձանց ՔՕ բավականին կոշտ հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվում»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանն այդ փոփոխությունները չի ընկալում՝ որպես քաղաքականության փոփոխություն. «Բազմիցս ասել եմ՝ հասարակ քաղաքացուն չպետք է հետաքրքրի՝ ո՞վ է այս կամ այն պաշտոնում: Նա պետք է զգա՝ ինչպես են իրեն վերաբերվում: Այս 25 տարվա մեջ համակարգում եղած փոփոխությունները չեն բերել քաղաքականության փոփոխության: Դրա համար պետք է կամ քաղաքացիական հասարակության կողմից ճնշումը շարունակվի, կամ վերջապես իշխանության մեջ ունակ, գրագետ ու դրական փոփոխություններ ցանկացող խավը կարողանա ազդել»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց՝ մենք երեք նախագահ ենք փոխել, քաղաքականությունը մնացել է անփոփոխ, բնավորությունների տարբերությունն է միայն որոշ հարաբերություններում. «Նույնը տեղի է ունենում Ոստիկանությունում: Ես որոշ հույսեր կապում էի Վլադիմիր Գասպարյանի հետ, բայց դա չստացվեց: Խիստ պարզ քաղաքականության մեջ գնում է կոշտացում Ոստիկանության վերաբերմունքի մեջ: Մեր բոլոր ոստիկանապետերն ու Ոստիկանությունն ընդամենը գործիք են եղել ու մնում իշխանության ձեռքում: Այն, ինչ մենք տեսել ենք, վերին աստիճանի վատ է ազդելու ոչ միայն՝ մեր երկրի իմիջի, այլ նաև՝ հասարակության ընկալումների վրա՝ առ Ոստիկանությունն ու իշխանությունը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: