
Առաջիկայում կարող են նոր աղմկոտ փոփոխություններ լինել. «Հայկական Ժամանակ»

Երեկ հայ հասարակությունը շունչը պահած հետեւում էր կեսօրից սկսված պաշտոնանկություններին: Նախ անսպասելիորեն հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, այնուհետեւ ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ընթացքում պաշտոնանկ արվեց նաեւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը:
Դեռեւս գարնանը խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է գլոբալ փոփոխություններ իրականացնել կառավարությունում, պաշտոնանկ անել անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բայց ապրիլյան պատերազմը կանխեց դա: Իսկ վերջին իրադարձությունները որոշակի փոփոխությունների համար հարմար պահ ապահովեցին, հատկապես որ թե՛ «Սասնա ծռեր» խումբն ու Հիմնադիր խորհրդարանը, թե այդ օրերին հրապարակ ելած հասարակությունը փոփոխություններ էին պահանջում:
Իսկ երեկ այս պաշտոնանկություններից հետո արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ առաջիկայում եւս նման աղմկոտ պաշտոնանկություններ կլինեն: Հատկապես որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ունեցած ելույթում հայտարարել էր, թե նպատակ ունեն ձեւավորելու ազգային համաձայնության կառավարություն: Բացի այդ, իշխանությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման փոփոխություններով ցանկանում են դրական սպասումներ առաջացնել, բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկել, որ գարնանը ընտրողների քվեներն ակնկալելիս մեծ դժվարություններ չունենան:
Հնարավո՞ր է իշխանական բուրգում այլ աղմկոտ փոփոխություններ լինեն: «Ընդհանուր առմամբ բոլոր այդ փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու մեր երկրում, պայմանավորված կլինեն նախագահի այս տարվա փետրվարի 12-ի ելույթի տրամաբանությամբ (սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում բարեփոխումներ անելու թեմայով.-հեղ.): Որեւէ իրադարձություն այս փոփոխությունների վրա կարող է ունենալ արագացնող կամ դանդաղեցնող ազդեցություն»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ միաժամանակ հերքելով, որ կարող է կառավարություն փոխվել:
Արմինե Ավետյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: