Թուրքիան Պակիստանին կոչ է արել փակել Գյուլենի հետ կապված դպրոցները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Ադրբեջանից եւ Ղրղզստանից հետո Պակիստանին եւս կոչ է արել փակել ԱՄՆ-ում վտարանդի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցները, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ, եւ Թուրքիայի հետ համագործակցել «գյուլենական ահաբեկիչների» դեմ պայքարում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվակն գործակալությունը, Չավուշօղլուն հայտարարել է օրերս Պակիստան կատարած այցի ընթացքում:
Նրա խոսքով` Անկարան Իսլամաբադին խնդրել է միջոցներ ձեռնարկել այդ ուսումնական հաստատությունների նկատմաբ դեռ մինչեւ ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում:
Չավուշօղլուն գոհունակություն է հայտնել այն հարցով, որ երկու երկրների մոտ առկա է «ամբողջական գործողությունների համադրում»:
Թուրք նախարարը Գյուլենի չափավոր իսլամ քարոզող «Հիզմեթ Հարեքեթի» կազմակերպությունը «ահաբեկչական» է անվանել, որն ամբողջ աշխարհում, այդ թվում` մահմեդական երկրներում կրթական եւ մշակութային հաստատությունների մեծ ցանց ունի:
«Նախկինում մենք պաշտպանել ենք նրանց, բայց մենք չենք իմացել, որ նրանք գաղտնի մտադրություն ունեն, որ նրանք ուզում են նման փորձերով գրավել իշխանությունը Թուրքիայում, ինչի առաջին փորձը եղել է 2013 թվականի դեկտեմբերին», – ասել է Չավուշօղլուն` նկատի ունենալով խոշոր կոռուպցիոն սկանդալը, որի ժամանակ բացահայտվել էր Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողություններ:
Ի պատասխան Ղրղզստանում գյուլենական դպրոցները փակելու Չավուշօղլուի պահանջին՝ պաշտոնական Բիշկեկը Անկարային կոչ է արել չմիջամտել Ղրղզստանի ներքին գործերին: Ղրղզստանում ներկայում գործում են 16 ուսումնարաններ, երեք տարրական դպրոցներ, մեկ միջազգային դպրոց եւ մեկ խոշոր` «Աթաթուրք-Ալա-Թոո» համալսարան, որոնցում սովորում է 11 հազար դպրոցական եւ ուսանող, մոտ նույնքան շրջանավարտ են ունեցել այդ դպրոցները սկսած 1996 թվականից:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալի քննադատներից մեկը:
2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանությունները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության եւ իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ: