«Պուտինի գլոբալ նպատակների համար կարևոր է, որ ՀՀ իշխանությունները լինեն շատ ավելի զիջող, քան ներկայումս են». Գելա Վասաձե
168.am-ի զրուցակիցն է վրացական Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն:
– Պարոն Վասաձե, Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն արդեն լայնորեն քննարկվում են միջազգային մամուլում: Օրերս Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշել էր, թե «Վրացական երազանքը» հաղթելու է գալիք ընտրություններում: Ինչպե՞ս է Վրաստանը պատրաստվում գալիք ընտրություններին: Ի՞նչ տրամադրություններ կան Ձեր երկրում:
– Ներկայումս ընտրություններին ակտիվորեն պատրաստվում են միայն կուսակցությունները: Վրաստանը, վրաց հասարակությունն իր բնականոն կյանքն է վարում։ Ասել, որ նախընտրական պայքարն արդեն սկսվել է, սխալ կլինի, քանի որ հատկապես հիմա արձակուրդային շրջան է, մարդիկ կտրված են քաղաքականությունից կամ ծովում, լեռներում հանգստանում են: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հնարավորություններին, ապա վաղուց հաշվի եմ առնում այն, որ կանխատեսել ընտրությունների արդյունքներ դրանցից երկու ամիս առաջ, իսկ դրանք անցկացվելու են հոկտեմբերի 8-ին, անշնորհակալ և բարդ գործ է, քանի որ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջին հերթին՝ Վրաստանի ներսում և արտաքին կյանքում այս ընթացքում:
Այլ հարց է, որ Վրաստանի Ազգային սոցիոլոգիական ինստիտուտի հարցումների համաձայն՝ որոշակի առավելություն ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրորդ տեղում ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունն է: Ըստ այդ հարցումների՝ ևս երկու կուսակցություններ, որոնք կհայտնվեն խորհրդարանում, վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունն է և ռուսամետ «Հայրենասերների ալյանս» կուսակցությունը:
Այս չորս քաղաքական ուժերի միջև է լինելու մրցակցությունը: Ի դեպ, «Վրացական երազանքի» ու «Ազգային շարժման» կողմնակիցների տարբերությունը շատ քիչ է, ավելին, այս երկու կուսակցությունները մյուս երկուսի նկատմամբ էական առավելություն ունեն: Ուստի կարելի է կանխատեսել, որ խորհրդարանական տեղերի մեծամասնությունը կկիսեն իրար միջև այս երկու կուսակցությունները, մյուս երկու կուսակցություններն անցողիկ ձայներ կհավաքեն պարզապես: Եվս մեկ կուսակցություն, որն իրատեսական հնարավորություններ ունի, Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Մյուս կուսակցությունների՝ խորհրդարան անցնելու հնարավորությունները նվազագույն են: Դասավորությունն ու հնարավորություններն այսօր այսպիսին են:
– Վրաստանում կայանալիք ընտրությունները, մի շարք փորձագետների պնդմամբ, չի բացառվում, որ տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծեն, քանի որ Ռուսաստանն է մեծ ուշադրությամբ հետևելու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, ավելին, ըստ այդ կարծիքների՝ Ռուսաստանը մտավախություններ ունի, որ «Վրացական երազանքը» չի հաղթի այս ընտրություններում, ինչը նրան մղում է ամրապնդել իր դիրքերը Հայաստանում և Հարավային Կովկասում, որով էլ պայմանավորված են նրա վերջին գործողություններն ու որոշումները Հայաստանի և ԼՂ հակամարտության ուղղությամբ: Ինչպե՞ս է Ռուսաստանը, Ձեր կարծիքով, արձագանքելու ընտրություններին դրա ելքի տարբեր սցենարների դեպքում:
– Ռուսաստանը ոչ միայն հետևում է, այլև մեծապես ազդում է երկրում տիրող տրամադրությունների ու քաղաքական կյանքի վրա՝ իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների, գործակալական ցանցի միջոցով: Բնականաբար, Ռուսաստանը մեծապես ազդելու է, բնականաբար, Ռուսաստանի համար կենսական կարևորություն ունի Վրաստանում ստատուս-քվոյի պահպանումը, ինչը ենթադրում է «Վրացական երազանքի» հաղթանակ գալիք ընտրություններում: Չնայած այն բանին, որ երազանքն արևմտամետ ուժ է համարվում, կան շատ գործիչներ այդ կուսակցության կազմում, որոնք արևմտամետ են իսկապես, բայց կարևորն ու որոշիչն այստեղ այն է, որ կուսակցությունը ռուս օլիգարխի է պատկանում: Կրեմլում շատ լավ են հասկանում, որ այսօր Վրաստանում ավելիի հասնել հնարավոր չէ: Անկեղծ, ռուսամետ կուսակցության հաղթանակ կանխատեսելը նույնիսկ հիմարություն է, քանի որ դա անհնար է, նրանք 15% կկարողանան ստանալ:
– Ի՞նչ սպասել Կրեմլից մինչ ընտրությունները, ինչպե՞ս է աշխատելու:
– Ամեն ինչ կախված կլինի երկրում տիրող իրավիճակից: Եթե իրավիճակն այնպիսին լինի, որ «Վրացական երազանքի» հնարավորությունները նվազեն, ապա հնարավոր են տարբեր տեսակի սադրանքներ, այդ թվում՝ պատերազմ:
Ինչ վերաբերում է Հայաստանի ուղղությամբ Ռուսաստանի վերջին քայլերին՝ չեմ կարծում, թե դրանք կապ ունեն Վրաստանի հետ: Այստեղ առավելապես պետք է փնտրել Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Թեև, բնականաբար, այս ողջ պատկերում Վրաստանը ևս դերակատարություն ունի, բայց դա ակնհայտորեն գլխավորը չէ: Վրաստանի պատճառով չէ, որ այսօր Ռուսաստանը ցանկանում է ամբողջությամբ իրեն հնազանդեցնել ՀՀ ողջ իշխող էլիտային: Այդտեղ այլ պատճառներ կան:
– Ի՞նչ պատճառներ, Ձեր կարծիքով:
– Պուտինի համար այսօր չափազանց կարևոր նշանակություն են ձեռք բերել արտաքին քաղաքական հաղթանակները: Այդպիսի հաղթանակ կարող է դառնալ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում: Հարավային Կովկասում Ռուսաստանի առջև այս երկու գլոբալ խնդիրներն են ծառացած: Դրա համար, բնականաբար, անհրաժեշտ են զիջումներ հայկական կողմից, քանի որ հասկանալի է, որ առանց Հայաստանի զիջումների՝ Ադրբեջանի տեսանկյունից անիմաստ է միանալ Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն կառույցներին: Ուստի Պուտինի համար չափազանց կարևոր է, որ ՀՀ իշխանությունները լինեն շատ ավելի զիջող, քան ներկայումս են:
– Ի՞նչ հակաքայլերի հնարավորություններ եք տեսնում հայկական կողմի համար:
– Ամենակարևորը, ինչ ես խորհուրդ կտայի ՀՀ իշխանություններին՝ ավելի շատ լսել հայ հասարակության պահանջները, այսինքն՝ փաստորեն գործել ամբողջությամբ հասարակության, ժողովրդի կամքով՝ լուծելով այն բոլոր խնդիրները, որոնց ընդդիմանում է հասարակությունը: Եթե հաջողվի ներքին կյանքում կարգավորել այս հարցերը, ապա ՀՀ իշխանությունները կայուն ու ամուր կլինեն նաև իրենց արտաքին քաղաքականության հարցում: Այն իշխանությունը, որը չունի հասարակության աջակցությունը, չափազանց անկայուն դիրքեր ունի իր արտաքին քաղաքականության հարցում: Սա բանաձև է բոլոր երկրների համար:
– Ձեզ հայտնի է, որ Հայաստանում երկշաբաթյա ճգնաժամ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով: Զինված խումբը հանձնվել է: Ի՞նչ հետևություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները՝ ըստ Ձեզ:
– Կարծես թե ես այդ մասին արդեն խոսեցի իմ նախորդ պատասխանում: Հասկանալի է, որ տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավում մի խումբ զինված անձանց կողմից, բայց իշխանությունները պետք է մի պարզ հարցի շուրջ մտածեն՝ ինչո՞ւ ժողովուրդը դուրս եկավ փողոց ու իր աջակցությունը հայտնեց այդ խմբին: Այդ մարդիկ ոչ թե դուրս եկան փողոց կոնկրետ այդ զինված անձանց աջակցելու, այսինքն՝ կոնկրետ անձերի համար դուրս չեկան, այլ այն պատճառով, որ իշխանությունն իրենց ձայնը չի լսում, հաշվի չի առնում, չկա հաղորդակցություն իշխանության և հասարակության միջև: Եթե իշխանությունները չվերականգնեն այդ հաղորդակցությունը, ապա այդ հաղորդակցությունը ձևավորելու են հաջորդ իշխանությունները, որոնք կգան ներկայիս իշխանություններին փոխարինելու: Ես համարյա թե վստահ եմ, որ, երբ Ռուսաստանը ճնշի ՀՀ իշխանություններին տարածքների հանձնման վերաբերյալ, ապա Սերժ Սարգսյանը հղում է կատարելու երկրում ստեղծված լարված իրավիճակին, որ չի վերահսկում իրավիճակը, ուստի չի կարող տարածքային զիջումներ անել: Այս սկզբունքով պետք է հասարակական պահանջն արտացոլել արտաքին քաղաքականության մեջ: