«Պետք է վերջապես մեզ հարցնենք՝ ինչ ենք ուզում` թախծոտ աչքերով նայել մեր կողքով անցնող պատմությա՞նը, թե՞ դառնալ դրա անմիջական, խելամիտ և ակտիվ մասնակիցը». Արթուր Աթանեսյան

168.am-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը

– Պարոն Աթանեսյան, այս օրերին «Սասնա ծռեր» խմբավորման գործունեությունը երկրում նոր իրավիճակ է ստեղծել, որը ստիպում է խորքային վերլուծության ենթարկել այն պատճառները, որոնք հանգեցրել են ստեղծված իրավիճակին: Ըստ Ձեզ՝ ի՞նչը, ի՞նչ ներքին ու արտաքին պատճառներ հանգեցրեցին խնդիրները լուծելու այս ճգնաժամային ուղու ընտրությանը:

– Մի կողմից՝ «Սասնա ծռեր» խմբավորման գործելակերպը ծայրահեղական է, ինչը չեն թաքցնում նաև խմբավորման ներկայացուցիչները, և լավ հասկանում են նաև իրենց աջակցող հասարակայնության լայն շերտերը: Մյուս կողմից՝ ծայրահեղականությունը քաղաքացիական ըմբոստության դրսևորման այն ձևերից է, որոնք կիրառվում են` խաղաղ և կառուցողական գործելակերպի անհնարինության կամ անարդյունավետության պարագայում: Այսօր նշված իրադարձությունները հերթական առիթ են Հայաստանի իշխանությունների համար` ապացուցելու, որ երկրի արմատավորված սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմնահարցերը դեռևս հնարավոր է լուծել ազգանպաստ ճանապարհով, ընդ որում` շուտափույթ կերպով: Ցավոք, վերջին օրերին իշխանության, ինչպես նաև՝ տարբեր փորձագետների և «փորձագետների» կողմից լսելով բազում իրավական, բարոյական և այլ բնույթի խրատներ, չենք տեսնում կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված կլինեին ոչ թե՝ «Սասնա ծռերին» և իրենց քաղաքացիական դժգոհությունը հայտնող բնակիչներին, այլ այն բազում հիմնախնդիրներին, որոնց շուրջ ծավալվել է ստեղծված իրավիճակը, և որոնց լուծումը բոլորիս համար կենսական անհրաժեշտություն է:

– Ինչպիսի՞ լուծում եք տեսնում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ դասեր պետք է քաղեն իշխանությունները:

– Իհարկե, խորհուրդ տալն ավելի հեշտ է, քան գործելն ու իրական խնդիրներ լուծելը: Բայց իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ իրավիճակը կարող է շտկվել հենց ՀՀ իշխանությունների կողմից, որոնց իրենց հուզող խնդրանքներով և պահանջներով դիմում են երկրի քաղաքացիները: Օգտակար կլիներ.

1. Ձևավորել համատեղ աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության մեջ մտնող այն գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնց ուղղված են ՀՀ բնակչության պահանջները՝ տարիներով կուտակված սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և այլ խնդիրների վերաբերյալ: Հանձնաժողովի մեջ պետք է ներառել «Սասնա ծռեր» խմբավորման և այլ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներից` որպես իրական ընդդիմություն, իրենց ծրագրային առաջարկներով:

2. Աշխատանքային խումբը պետք է գա համաձայնության և հրապարակի հիմնական այն խնդիրների ցուցակը, որոնց լուծումն էապես կբարելավի ՀՀ-ի տեղն ու դերը տարածաշրջանում տնտեսական և այլ չափումներով: Աշխատանքային խմբի գործունեությունը պետք է մշտապես լուսաբանվի զանգվածային լրատվամիջոցներով:

3. Աշխատանքային խումբը պետք է հստակ ժամկետներում մշակի և ՀՀ-ում գործող գիտական և վերլուծական կազմակերպությունների փորձաքննությանը ներկայացնի նշված հիմնահարցերի լուծմանն ուղղված գործողությունների փաթեթ: Գործողությունները պետք է լինեն իրատեսական, չքաղաքականացված, և բխեն ՀՀ ազգային շահերից:

4. Աշխատանքային խմբի կողմից մշակված և այլ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից փորձաքննված ծրագրերը պետք է հանձնարարվեն համապատասխան գործադիր կազմակերպություններին` ի կատար: Ծրագրերի կատարումը պետք է իրականացվի հստակ ժամկետներում և ենթադրի ուղղակի հաշվետվողականություն արդյունքների վերաբերյալ` հասարակության առջև:

– Այս 12 օրերի ընթացքում, ինչ գրավված է ՊՊԾ գունդը, ի՞նչ ճանապարհով են ընթանում գործընթացները՝ լուծումը, ըստ Ձեզ, տեսանելի՞ է դարձել, թե՞ մենք ավելի փակուղային իրավիճակում ենք հայտնվել:

– «Սասնա ծռեր» խմբավորման նպատակների թիրախն է իշխանափոխությունը, իսկ այս օրերին իշխանությունների գործելակերպի թիրախը` «Սասնա ծռեր» խմբավորման չեզոքացումը: Մինչդեռ, երկու կողմերի նպատակը պետք է լիներ և շարունակում է մնալ հասարակության կողմից մշտապես բարձրացվող` արտագաղթի պատճառը հանդիսացող արմատավորված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շարանը: Իրականում առաջնորդը, որի կարիքն ունի մեր երկիրը, նա չէ, ում ի պաշտոնե վստահված է ազգային խնդիրների լուծումը, և այն քաղաքացիները չեն, ովքեր մշտապես զբաղված են բոլորին քննադատելով, այլ այն մարդիկ են, որոնք մշտապես, ամենօրյա իրենց աշխատանքում ապահովում են իրենց վստահված ոլորտի, թեկուզ և փոքր հարցերի, կարգավորումը, կանոնակարգվածությունը, զարգացումն ու անվտանգությունը:

– Ինչպե՞ս եք գնահատում ՊՊԾ գնդի գրավման միջազգային արձագանքը, ի՞նչ հետևություններ պետք է հայկական կողմն անի այդ արձագանքներից:

– Միջազգային արձագանքը բխում է այդ պետությունների քաղաքականությունից և շահերից, մինչդեռ մեզ համար առաջնային կարևորություն ունի մեր սեփական արձագանքն ու քաղված դասերը: Ինչպիսի՞ դասեր ենք քաղում մեր սխալներից: Նախ՝ պետք է ազգովի սովորենք ընդունել մեր սխալները, և չներկայացնենք մեր պարտությունները` որպես «բարոյական հաղթանակներ»: Պետք է սովորենք չխաբել, չյուրացնել այն, ինչ հանրային լինելով` կարող է բոլորիս օգուտ բերել: Պետք է սկսենք սովորել միմյանց հետ խոսե ոչ թե՝ ինքնասիրության, այլ՝ արդարացիության դիրքերից: Դրա օրինակը պետք է ցուցադրի մեզանից յուրաքանչյուրս` սկսած «էլիտայից», և չսպասենք, թե՝ «բա թող ուրիշը սկսի` ես շարունակեմ»: Ցավոք, մինչ այսօր էլ չենք յուրացրել համակեցության մշակույթը, ինչի հետևանքն է փոքր ազգի ներկայացուցիչների` միասին ապրելու հետ կապված բազում հարցերի առկայությունը մեր հասարակությունում, Սփյուռքում և այլուր, որտեղ հանդիպում ենք:

– Պարոն Աթանեսյան, ըստ Ձեզ՝ հայաստանյան գործընթացների, իրողությունների համարժեք չընկալումն ինչի՞ կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերությունները, որոնց վերաբերյալ հայ հասարակությունն արդեն որոշակի վերապահումներ ունի: Մոսկվայից ստացվող պաշտոնական արձագանքներից պարզ է դառնում, որ իրադարձությունները պարզապես սխալ գնահատականի են արժանանում կամ օգտագործվում Արևմուտքի դեմ:

– Մեր միակ դաշնակիցն աշխարհում մենք ենք: Ուստի, մեր իսկ կողմից սեփական հիմնահարցերի լուծումը փոխանցելով, բարդելով ուրիշների վրա, կամ ուրիշներին վստահելով` մենք մեզ ենք մատնում անվստահության, ցուցադրում, որ չենք կարող կամ չենք ուզում զբաղվել սեփական խնդիրներով: Համապատասխանաբար, ուրիշը, անգամ՝ դաշնակից կոչվածը, կարող է օգտագործել մեր թերությունները մեր իսկ դեմ: Ինձ համար զարմանալի է, որ ունենալով բազում տաղանդավոր պատմաբաններ՝ մենք կրկնում ենք մեր պատմության սխալները` փոխարինելով մեր իսկ կարողությունները և հեռանկարային ապագան ուրիշների խոստումներով, միջամտությամբ, «բարի ծառայություններով», որոնք անմիջապես «արջի ծառայություն» են դառնում: Պետք է վերջապես ինքներս մեզ հարցնենք, թե ինչ ենք ուզում` մնալ մշտապես մելանխոլիկ վիճակում և թախծոտ աչքերով նայել մեր կողքով անցնող պատմությա՞նը, թե՞ դառնալ դրա անմիջական, խելամիտ և ակտիվ մասնակիցը:

Տեսանյութեր

Լրահոս