«Միայնակ գայլի» եղբայրը չի ընդունում մեղադրանքը. կալանքի որոշումը կբողոքարկվի

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Պաշտպանի խոսքով՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Արարատ Խանդոյանին կալանավորելու մասին, սակայն որոշումն ապօրինի է, և այսօր ինքն այն բողոքարկելու է վերաքննիչ դատարանում։

Նա նշեց, որ Արարատ Խանդոյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, ապրիլյան ռազմական գործողություններին ևս մասնակցել է, առողջական խնդիրներ ունի։ Արա Ղարագյոզյանն ասաց, որ Արարատ Խանդոյանը խնդրել է լրագրողներին փոխանցել, որ թե իր ձերբակալումը, թե կալանավորումն իր հայացքների և եղբոր համար են։

Տեսանյութեր

Լրահոս