600 հազար դրամ տուգանք. զորամասի խոհարարները մեղավոր են ճանաչվել

ՀՀ ՊՆ N զորամասի խոհարարները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Դատավճռով՝ նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 600 հազար դրամ տուգանք:

Նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Մ. Զարոյանին և Օ. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զորամասի նյութական ապահովման վաշտի ճաշարանի խոհարար, պայմանագրային զինծառայող, շարքային Օ. Ադամյանը 2016 թվականի ապրիլի 3-4-ն ընկած ժամանակահատվածում նույն զորամասի զինվորական ճաշարանի վերակարգում խոհարարի պարտականությունները կատարելու ժամանակ, նախնական հանցավոր համաձայնության գալով նույն վաշտի խոհարար, բանվոր ծառայող Մ. Զարոյանի հետ, միասին՝ խմբով, զորամասի զինծառայողների համար կերակուր պատրաստելու նպատակով հատկացված, իրենց վստահված պարենամթերքից ստեղծել են ավելցուկ և 04.04.2016թ. յուրացրել այն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով զգալի չափերի՝ 42.343 դրամ վնաս:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալ Մ. Զարոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 3-4-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է վերակարգում, այդ օրը և երկու օր առաջ սննդի բավարարման են նստած եղել սպաները, երկու օրվա ընթացքում շատ քիչ սպաներ են ճաշարանում սնվել, ճաշերը մնացել են և թափվել են աղբարկղը: Այդ ժամանակ խոսակցություն է եղել, որ իրենց պետք է տանեն Ղարաբաղ: Եվ մտածելով, որ, եթե գնա Ղարաբաղ, ընտանիքում ուրիշ աշխատող չի լինի, որոշել է, որ ապրանքը տանի տուն, քանի որ պետք է եփեն ճաշարանում և նորից թափեն: Իր վարած մեքենան Վարդենիս քաղաք չհասած՝ Ռազմական ոստիկանության աշխատողները կանգնեցրել են և մեքենայից հայտնաբերել են իր վերցրած խոզի միսը, մակարոնը, ձվերը, տոմատը, ձեթը և սեղանների վրայից հավաքված կարագը: Իրեն ոչ ոք չի օգնել ապրանքները վերցնելուց: Աշխատանքից ազատվել է՝ իր դիմումի համաձայն: Զղջում է կատարած արարքի համար:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալ Օ. Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ամսի 1-ից զորամասում բավարարման մեջ են եղել գնդի սպաները, նրանք ճաշարան չեն այցելել, և եփված ճաշերը թափվել են, և քանի որ իրենք էլ պետք է Ղարաբաղ գնային, որոշել են՝ տանեն, սննդամթերքները տան անդամները կօգտագործեն: Իրեն ազատել են աշխատանքից՝ դեպքի հետ կապված, նախկինում նման արարք չի կատարել:

Տեսանյութեր

Լրահոս