Մարիա Զախարովան պարզաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին իր հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում պարզաբանում է տեղադրել, որտեղ անդրադարձել է երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին իր հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր, թե Թուրքիայի, ինչպես նաև ցանկացած այլ պետության միանալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կախված է բանակցային գործընթացում տվյալ երկրի կառուցողական ներդրումից:

«Եթե պետությունն ինչ-որ դրական բան ունի հավելելու, ինձ թվում է, այստեղ չեն կարող ինչ-որ խնդիրներ լինել: Սակայն ևս մեկ անգամ եմ կրկնում, եթե խոսքը կառուցողական ներդրում ունենալու մասին է»,- ասել էր Զախարովան:

Զախարովան Facebook-ի իր գրառման մեջ նշել է, թե ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից ﬕ շարք լրագրողների (իհարկե, ոչ բոլորի, ոմանց) դիրքորոշումը:

«Դուք ցանկանո՞ւմ եք հաղթահարել հակամարտությունը, թե՞ այն խորացնել՝ Ձեր ճաշակով նորություններ հորինելով: Վտանգավոր զբաղմունք է»,- գրել է նա:
Նրա խոսքով՝ նախ՝ լրագրողներից մեկն է ճեպազրույցում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի վիճակի մասին հարց տալիս այնպես, կարծես թե դա ոչ թե հարց է, այլ քաղաքական մանիֆեստ:

«Ստիպված եղա ընդհատել մենախոսությունը: Հետո այլ լրագրողներ սկսեցին մոդելավորել պատասխանից սենսացիա, թե իբր Մոսկվայի ցանկությունն է ԼՂ հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցությունը: Չե՞ք ամաչում: Այն պահին, երբ իսկապես շանս կա առաջընթաց գրանցելու: Ինչո՞ւ եք դուք դա անում: Մի՞թե այդքան տարիներն ու այդքան զոհերը փաստարկ չեն պատասխանատու մոտեցման համար …

Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ իրավիճակը՝ նորություններ հորինելով, ևս ﬔկ անգամ կրկնեմ: Գոյություն ունեն ﬕջազգային ﬔխանիզմներ, որոնք կոչված են զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները»,- գրել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ոչ ոք չեղյալ չի հայտարարել երկկողմ շփումները, որի շրջանակում ցանկացած երկիր կարող է քննարկել ներքին կամ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը:

«Հարցն այն է, թե որքան կառուցողական դեր են խաղում երկրները, որոնք կարգավորման գործընթացի մաս չեն՝ փորձելով նպաստել կարգավորմանը»,- գրել է նա՝ խնդրելով սադրանքների չենթարկվել, այդ թվում՝ տեղեկատվական:

Տեսանյութեր

Լրահոս