«Դե լավ ա, էլի, ազգն ուրանան, հետո գան ասեն՝ մեղավոր եմ…». ցուցարարը՝ Օսկանյանի մասին
«Միանշանակորեն լուծում տեսնում եմ այս հարցին, և հենց այդ պատճառով էլ այսօր իմ թիմակիցներով եկել ենք՝ և Ոստիկանության ղեկավարության հետ խոսելու, և առհասարակ ասելու, որ ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հանրություն և փորձել հարցին քաղաքական լուծում տալ», այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց նորաստեղծ «Համախմբում» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նա նշեց, որ միանշանակ մերժում է այն միտքը, թե իրավիճակը փակուղային է և լուծում չունի:
«Չկա այդպիսի բան, չի կարող լինել: Ամեն հարց իր լուծումն ունի: Փակուղային կարող է լինել, երբ հարցը դիտարկենք միայն ու միայն զուտ իշխանական շահերից: Այո՛, եթե իշխանությունն ուզում է այս բոլորից հաղթող դուրս գալ, իրոք, փակուղային վիճակ է, և սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, բայց սա այն խնդիրը չէ, որ պետք է հաղթել:
Այստեղ հաղթելու հարց չկա: Մենք պետք է կարողանանք խնդիրը դնել ազգային, պետական հարթության վրա, ոչ թե նեղ քաղաքական, կուսակցական, իշխանական: Սա շատ ավելի վեր է այդ բոլորից: Եթե հարցը դիտարկենք միայն իրավական հարթությունում, իհարկե, սա բարդություններ կարող է առաջացնել:
Հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ, սա քաղաքական ակցիա է, և սրան պետք է քաղաքական լուծում տալ՝ իհարկե, լավ գիտակցելով, որ այդ քաղաքական լուծումը, այո՛, ունենալու է նաև որոշ իրավական հետևանքներ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Քաղաքական լուծում՝ այո՛, իրավական հետևանքներով:
Իսկ եթե իշխանություններն այս պատեհ պահին ասեն, որ՝ չէ՛, մենք հանցագործների, տեռորիստների հետ չենք բանակցի, ապա ես հետևյալ հարցն եմ ուզում տալ իշխանություններին՝ ուրեմն կարելի՞ է պրոտոկոլները բանակցել թուրքերի հետ, որոնք 1.5 մլն հայ են ջարդել, ուրեմն կարելի՞ է բանակցել Ադրբեջանի հետ, որը պատերազմ է սանձազերծել, մեր հայրենակիցների գլուխն է կտրում, աչքն է հանել, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղն են ազատագրել, չի՞ կարելի բանակցել,- ասաց նա՝ ավելացնելով,- Իշխանությունները կոշտ դիրքորոշում են բռնել, պետք է մեղմացնել այն, դնել քաղաքական հարթության վրա և լուծում տալ: Ես այս հարցի քաղաքական լուծումը տեսնում եմ:
Պետք է հանձնաժողով ստեղծել և միջնորդներով բանակցություններ սկսել: Պետք է տղաների հացի խնդիրը լուծեն: Տղաներն այնտեղ հացի խնդիր ունեն, ու սա նշանակում է, որ ցանկանում են օղակը սեղմել, և հարցն այլ կերպով լուծել»:
Ի դեպ, Վարդան Օսկանյանին ակնհայտորեն դուր չեկան քաղաքացիների կողմից իրենց ուղղված մեղադրանքները: Քաղաքացիներից մեկը նրան մեղադրեց՝ ժամանակին իշխանություն լինելով՝ նախկին և այս իշխանությունների հետ տարբեր մեղքեր գործելու մեջ, Օսկանյանը նյարդայնացած պատասխանեց. «Ինչ սխալներ արել եմ՝ մեղավոր եմ… »:
«Դե լավ ա, էլի, ազգը ուրանան՝ հետո գան ասեն՝ մեղավոր եմ…»: Մեկ այլ քաղաքացի Վ. Օսկանյանին մեղադրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից հանելու մեջ, որպես արտգործնախարար՝ ժամանակին Ազգային գրադարանի արխիվից Բեթհովենի և Բախի ձեռագրերը Գերմանիային հանձնելու մեջ… Վարդան Օսկանյանին, ակնհայտորեն, դուր չեկան քաղաքացիների մեղադրանքները, և նա ամփոփեց ելույթը.
«Ես տիրապետելով բանակցային նրբություններին՝ հստակ տեսնում եմ լուծումը: Ինչպես նախկինում է եղել ինձ հետ, ես զգում եմ, որ սա կրիտիկական պահ է։ Երկու կողմերն էլ պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Երկու կողմերին էլ արժանավայել ելք պետք է տալ։ Մենք պետք է բանակցությունները սկսենք, և ես այդ լուծումը տեսնում եմ…»:
Լրագրողի հարցին, թե երբ Վ. Օսկանյանը վկայակոչում է ճգնաժամի իր փորձը, արդյոք նկատի ունի՞ Մարտի 1-ը, նախկին արտգործնախարարը պատասխանեց․
«Այո՛: Այսօր եթե իշխանությունում լինեի, կանեի այն, ինչ Մարտի 1-ի օրը։ Արյունահեղությունը ոչ ոքի պետք չէ։ Մեկ զոհն անգամ արդեն շատ է։ Այդպիսի բան մենք չպետք է թույլ տանք՝ հատկապես Մարտի 1-ից հետո»։
Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Մարտի 1-ից առաջ և հետո լծվել էր ընդդիմության խաղաղ հանրահավաքի մասնակիցներին ի լուր աշխարհի հանցագործ ներկայացնելով և արդարացնելով Մարտի 1-ից հետո իշխանությունների բոլոր գործողությունները` ձերբակալություններն ու հետապնդումները: