Համեստ աճից՝ երկնիշ աճ
Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
«Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես՝ արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի աճը կազմելու է մոտ 10%: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20% աճ է արձանագրում, մշակող արդյունաբերությունում՝ 14% աճ, և էներգետիկայում` 12% աճ»,- ասել է նախարարը:
Այստեղ ուշագրավը մշակող արդյունաբերությունն է։ Բանն այն է, որ այս տարվա հունվար-մայիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մշակող արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 3.8% աճ։
Որպեսզի այդ 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր։ Իսկ «կատաղած աճն» անհնար կլիներ չնկատել։
Սա նշանակում է, որ մշակող արդյունաբերության մասով՝ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից։
Իսկ թե ինչո՞ւ և ի՞նչ է դա նշանակում, կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում