«ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովը Հարավային Կովկասին չվերաբերեց». Լուկիանով

«ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումն արհեստական բնույթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը՝ գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներին:

Նրա խոսքով՝ գլխավոր որոշումը Բալթյան երկրներում և Լեհաստանում բազմազգ բատալյոնների տեղակայումն էր: Ըստ նրա՝ դա ունի լուրջ քաղաքական նշանակություն, և ոչ՝ ռազմական, քանի որ դրանք մեծաքանակ զորքեր չեն լինելու, ձեռք բերելով սիմվոլիկ նշանակություն: Ֆյոդոր Լուկիանովի կարծիքով՝ հետաքրքրական է այն, որ սա ոչ այնքան՝ ուղերձ էր Ռուսաստանին, որքան՝ հենց այդ երկրներին, որոնք բողոքում էին ՆԱՏՕ-ի պասիվ քաղաքականությունից:

Ռուս վերլուծաբանի որակմամբ՝ դա ուղերձ էր այն մասին, որ ՆԱՏՕ-ն, ինչպես իր բոլոր անդամ երկրներին, կպաշտպանի նաև իրեն նոր անդամակցած երկրներին: Մյուս կողմից, ըստ նրա, սա ռուսական քաղաքականությանն առիթ է տալիս պնդելու, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանին, ինչպես վերջին տարիների ընթացքում ասում են ՌԴ պաշտոնյաները: Նրա համոզմամբ՝ իրականում այս առճակատումը նույնիսկ արհեստական բնույթ է կրում, քանի որ, ինչ վերաբերում է Ռուսաստանին, ոչ այնքան արտաքին սպառնալիք կա, որքան ձեռնտու է ունենալ արտաքին սպառնալիք ներքին սպառման համար: Նույնը, Լուկիանովի խոսքով, տեղի է ունենում նաև արևմտյան հանրություններում, քանի որ այդ կառույցներում խնդիրներ են առաջացել:

«Ըստ էության, Վարշավայից հետո լուրջ փոփոխություններ չեն լինելու, աշխարհում անվտանգության նոր միջավայր չի ստեղծվում, բայց հակասությունները ևս չեն վերանում, ինչպես երեկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասաց: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի տարաձայնությունները շարունակվում են, և, ինչպես արդեն ասացի, դրանց հիմքերն ինձ համար այդքան էլ հասկանալի չեն»,- ասաց Լուկիանովը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ է փոխվել Հարավային Կովկասի համար այս գագաթաժողովից հետո, Լուկիանովը պատասխանեց՝ համարյա թե ոչինչ: Ըստ նրա՝ փոփոխությունը Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում արձանագրված նոր խորությունն է և ՆԱՏՕ-ի տրվելիք առավել մեծ աջակցությունը Վրաստանին: «Կարծում եմ՝ գագաթաժողովն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասին չէր կարող վերաբերել, քանի որ միայն Վրաստանն է ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության, իսկ մյուս երկու երկրներն իրենց ուղին արդեն ընտրել են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս