«Ռուսաստանը սիրում է, որ իր հացն արյունով է թաթախված. նա իր հացը պետք է թաթախի հայ զինվորի արյան մեջ, նոր ուտի». Ազատ Արշակյան
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այն կարծիքին է, որ Հայաստանը որևէ կերպ ունակ չէ ազդելու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի փաստի վրա: Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ դա մեծ քաղաքականություն է, Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, ու ըստ նրա՝ զենքի միջոցով փորձում է իր ազդեցությունը պահպանել այս կամ այն տարածաշրջանում. «Իհարկե, մեզ դա շատ հուզում է ու մեզ համար ցանկալի չէ, որ այդպես լինի, բայց չենք կարող հաշվի չառնել, որ գործ ունենք գերտերության հետ, որն ունի իր շահերը տարածաշրջանում և բավարարված չէ միայն Հայաստանի բարեկամությամբ: Միանշանակ է, որ Ռուսաստանն Ադրբեջանում շահեր ունի ու այդ շահերը պաշտպանելու համար շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, որը, բնականաբար, Ադրբեջանի համար անհրաժեշտ պահին կրակելու է հայկական ուղղությամբ: Մի բանի վրա որ չես կարող ազդել՝ պետք չի այդ ուղղությամբ շատ մտածել, պետք է մտածել` ի՞նչ կարող ես անել, որ այդ ազդեցությունը թուլացնես։ Մենք մի երկիր ենք, որ զենք արտադրելու պոտենցիալ ունի, կարող ենք զենք արտադրել ու չեզոքացնել շատ-շատ զենքեր, որոնք կիրառվելու են Հայաստանի դեմ»:
Պատգամավորի կարծիքով՝ եթե Ռուսաստանն Ադրբեջանին չպահի իր ազդեցության գոտում, դա կանի Թուրքիան, իսկ այդ պարագայում Հայաստանն ու Արցախը շատ ավելի վտանգված են լինելու. «Ռուսաստանը փորձում է Հայաստանի հետ բարեկամ մնալով՝ բարեկամ ունենալ Ադրբեջանին»։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, սակայն, համաձայն չէր Լ. Սարգսյանի հետ: «Մենք կարող ենք դիմակայել, կարող ենք մրցել, կարող ենք հակադրվել ու հաղթել։ Երբեմն թերագնահատում ենք մեր հնարավորությունները։ Մենք մեր մասին ունենք այն կարծիքը, որն ունեն մեր հակառակորդները։ Մեզ սովորեցրել են, որ մենք ունակ չենք ինքնուրույն որոշումներ կայացնելու: Դա զրպարտչական քարոզչություն է հայ ժողովրդի դեմ, ու դրա դրսևորումները կան նաև մեր երկրում. մեր հայրենակիցները հեշտ ճանապարհ են ընտրում ու վատ բաներ ասում: Մենք կարող ենք ունենալ ռազմաարդյունաբերական համալիր, կարող ենք մրցունակ զենք արտադրել. դրա համար պետք է ունենալ քաղաքական կամք ունեցող իշխանություն։ Մեր կառավարությունը մեր հնարավորությունները չափում է իր անձնական պոտենցիալով։ Մենք պետք է իշխանությունը ձևավորենք` հաշվի առնելով մեր առաջ կանգնած մարտահրավերները»։
Ըստ նրա՝ պետք է ընտրենք անվտանգության այն համակարգը, որը համընկնում է մեր շահերի հետ. «Հիմա ՀԱՊԿ շահերը չեն համընկնում մեր հայրենիքի շահերի հետ: Բոլոր մասնակիցներն այլ շահեր ունեն. նույնիսկ հակահայկական շահեր են դրանք: Օրինակ՝ Ռուսաստանը վերջերս՝ 2012թ., թարմացրեց Լենին-Աթաթուրք 1921թ. դաշինքը։ Ռուսաստանը վերադարձել է իմպերիական իր ծրագրերին ու Հայաստանին համարում է թերարժեք պետություն։ Դրա համար նա վերադարձել է 1921թ. դաշինքին, որովհետև 1991թ. այդ դաշինքը գրեթե չեղյալ էր համարվել, քանի որ Հայաստանի անկախությունը զրկել էր Ռուսաստանին ու Թուրքիային՝ Հայաստանի հարցերը լուծելու իրավունքից»:
Ա. Արշակյանը նշեց, որ 1921թ. մարտի 16-ի պայմանագրով՝ հայ ժողովուրդն անկախ չէ, Հայաստանի սահմանները կարելի է խախտել, ու հիմա Ռուսաստանը վերադարձել է դրան. «Ռուսաստանը համարում է, որ Հայաստանին կարող է պարտադրել էներգետիկ ռեժիմ: Հայաստանն իրավունք չունի իր տարածքում իր շահերին համապատասխան էներգետիկ քաղաքականություն վարել, օրինակ՝ Իրանի հետ գազամուղ չենք կարող անցկացնել: Ռուսաստանը չունի դաշնակից, մենք նրա դաշնակիցը չենք: Իսկ զենք-զինամթերք մատակարարում է մեր հակառակորդին երկու պատճառով. առաջին՝ պարտավոր է, քանի որ Թուրքիայի հետ ունեցած պայմանագրով՝ պետք է երաշխավորի Ադրբեջանի՝ իր գծած սահմանների անձեռնմխելիությունը, այսինքն՝ Ղարաբաղը պետք է հանձնի Ադրբեջանին: Երկրորդ՝ նա սիրում է, որ իր հացն արյունով է թաթախված: Ռուսաստանն իր հացը պետք է թաթախի հայ զինվորի արյան մեջ, նոր ուտի: Մեր թշնամուն զենք վաճառելով՝ ինքը մեր արյան մեջ թաթախում է իր հացը»:
Լյուդմիլա Սարգսյանն էլ պնդեց, թե Ազատ Արշակյանն ատելության կոչեր է անում. «Ես չեմ ատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը, բայց ոչ այն պատճառով, որ հիացած եմ նրանց քաղաքականությամբ, այլ՝ ես հասկանում եմ, թե ամեն գերտերություն ինչ շահեր է հետապնդում մեր տարածաշրջանում»:
Ազատ Արշակյանը շարունակեց. «Ռուսներն ինձ կրակել են, ու կպել են. իմ մեջ հիմա ռուսական զենքի «ասկոլկա» կա: Ես նրան շատ եմ սիրում, ով ինձ վրա կրակում է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: