Թերեզա Մեյը նշանակել է հանգուցային նախարարներին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյը հուլիսի 13-ին նշանակել է Միացյալ Թագավորության կառավարության հանգուցային նախարարներին: Ըստ որում՝ կառավարությունում մի շարք առաջատար պաշտոններում հաստատվել են եվրասկեպտիկների ճամբարի առավել ականավոր ներկայացուցիչներ, ճամբար, որը տոնեց հաղթանակը Եվրամիությանը երկրի հետագա անդամակցության շուրջը՝ հունիսին կայացած հանրաքվեում:

Ֆինանսների նախարարի պաշտոնից, որը կարեւորությամբ երկրորդն է կառավարությունում, հեռացել է Ջորջ Օսբոռնը, որը համարվում էր նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի «աջ ձեռքը»: Գանձապետարանի նոր կանցլեր է (պաշտոնապես այսպես է անվանվում ֆինանսների նախարարության ղեկավարի պաշտոնը) դարձել 60-ամյա Ֆիլիպ Համոնդը, որն ավելի վաղ գլխավորում էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:

Անտարակույս, ամենաաղմկահարույց նշանակումն է դարձել Լոնդոնի նախկին քաղաքագլուխ եւ հանրաքվեում եվրասկեպտիկների արշավի առաջնորդ Բորիս Ջոնսոնի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնին անցնելը: Հանրահարցումից հետո նա համարվում էր թորիների նոր առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի ֆավորիտը, բայց պայքարից դուրս եկավ Brexit-ի կողմնակիցների ճամբարի ներսում ծայր առած ինտրիգների պատճառով:

Ներքին գործերի նախարարի պաշտոնում, որը Մեյն ինքն զբա-ղեցրել է վեց տարի, նոր վարչապետը գերադասել է տեսնել Եվրաինտեգրացման կողմնակցի: Գերատեսչությունը գլխավորել է Էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների հիմնախնդիրների նախկին նախարար Ամբեր Ռադը:

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առիթով բարդ բանակցությունները գլխավորել հանձնարարվել է Դեւիդ Դեւիսին: 64-ամյա քաղաքական գործիչը գլխավորել է Brexit-ի գործերի՝ նոր նախարարությունը: Դրանում տրամաբանություն կա. քարոզարշավի ժամանակ նա ակտիվորեն քարոզել է Բրյուսելի հետ հարաբերությունների խզման օգտին: Միակ հանգուցային նախարարը, որը պահպանել է իր պաշտոնը, պաշտպանության նախարարության ղեկավար Մայքլ Ֆելոնն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս