Բաժիններ՝

Պաշտոնական Բեռլինը սպառնացել է Ինջիրլիքից հետ կանչել գերմանացի զինվորներին

Պաշտոնական Բեռլինում կրկին սպառնում են հետ կանչել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին, եթե Անկարան չփոխի դիրքորոշումը` գերմանացի պատգամավորների պատվիրակության մուտքը ռազմաբազա արգելելու
հարցում:

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս անգամ խնդրի մասին խոսել է Գերմանիայի փոխվարչապետ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) առաջնորդ Սիգմար Գաբրիելը:

«Եթե խորհրդարանի անդամները չկարողանան այցելել զինվորներն, ապա Ինջիրլիքում ռազմական միավորների գտնվելու մասին այլևս խոսք գնալ չի կարող: Սա շատ ակնհայտ է»,- ասել է նա:

Նախօրեին նմանօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից գերմանացի զինվորները կարող են հետ քաշվել, եթե թուրքական կողմը չվերացնի գերմանացի պատգամավորների այցելության արգելքը: «Թող բոլորը գիտակցեն, որ Ինջիրլիքում գերմանացի զինվորներն այնտեղ երկար չեն մնա, եթե համապատասխան վերաբերմունք չստանան»,- Süddeutsche Zeitung պարբերականին ասել է նա:

Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել են, երբ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:

Բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին
խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը:

Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և 240 գերմանացի զինվոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս