«ՆԱՏՕ-Ռուսաստան նոր հիբրիդային պատերազմը կսկսվի այնտեղ, որտեղ կհայտնվեն ՆԱՏՕ-ի նոր ուժերը». Վիտալի Պորտնիկով
«ՆԱՏՕ-ն նախկինի նման ճիշտ չի գնահատում Պուտինի արձագանքը: Հիբրիդային պատերազմի հերթական ճակատները կարող են դառնալ Բալթյան երկրները և Լեհաստանը, քանի որ Պուտինի նպատակն Ուկրաինան չէ»,- այս մասին glavnoe.ua կայքում իր հոդվածում գրել է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` ամփոփելով Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները:
Ըստ նրա՝ ուկրաինական դիտորդները, խոսելով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի արդյունքների մասին, կենտրոնանում են առաջին հերթին՝ Ուկրաինայի առնչությամբ արձանագրված արդյունքների վրա: Պորտնիկովի որակմամբ՝ արդյունքներն իսկապես տպավորիչ են. հաստատվեց Ուկրաինային տրվելիք աջակցության համակարգային փաթեթը, որի մասին այդքան երկար խոսվում էր վերջին ամիսների ընթացքում, նախագահ Պորոշենկոն հանդիպեց Մեծ հնգյակի անդամ երկրների առաջնորդների հետ, որոնց ժամանակ խոսվեց Դոնբասում իրավիճակի կարգավորման հետ կապված ջանքերի մասին: Մի խոսքով, նրա դիտարկումներով, Ուկրաինան մոտեցավ ՆԱՏՕ-ին:
«Ընդ որում, առաջին անգամ վերջին տասնամյակների ընթացքում իշխանության եվրոատլանտյան ձգտումները համընկան հասարակության տրամադրությունների հետ: Երբ նախագահ Կուչման 1997թ. Մադրիդում ստորագրում էր Խարտիա՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին, դաշինքի հետ ինտեգրվելու և, առավել ևս, նրան միավորվելու անհրաժեշտության մասին, նրա կարծիքը կիսում էր բնակչության շատ փոքր մասը: Այսօր, երբ նախագահ Պորոշենկոն խոսում է բարեփոխման մասին՝ առաջին հերթին, իսկ ՆԱՏՕ-ի հետ միավորվելու մասին՝ հետո, բնակչության մեծ մասը նրան չեն հասկանում, քանի որ տրամադրված են դաշինքի հետ միավորվելուն:
Այնուհանդերձ, ասել, որ Ուկրաինան գագաթաժողովի գլխավոր թեման էր, մեծ չափազանցություն կլինի: Գլխավոր թեման դաշինքի անվտանգությունն էր: Եվ նշանակում է՝ Ռուսաստանը: Վարշավայում ընդունված որոշումները՝ Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդումը, անցումը հակահրթիռային պաշտպանության համակարգից սկզբնական մարտական պատրաստության վիճակին, ցուցադրությունն են այն բանի, որ դաշինքում չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել և սպասել նոր ռուսական սադրանքների: Իրականում այդ պատրաստությունն ունի բավական լուրջ իմաստ: Ես կասեի, որ մեր երկրի համար կարևոր է հենց այն, որ Պուտինն արթնացրեց ՆԱՏՕ-ին, ինչպես մի ժամանակ դեկաբրիստները՝ Գերցենին, որովհետև, եթե ՆԱՏՕ-ն կենտրոնանար ուկրաինական խնդիրների վրա, դա կարող էր բերել միայն մեր երկրում իրավիճակի հետագա էսկալացիայի:
Այն, որ ՆԱՏՕ-ն սկսում է Ռուսաստանին ընկալել՝ որպես սպառնալիք, ընդհակառակը՝ կարող է բերել հենց ապաէսկալացիայի: Մոսկվայում սպասում էին, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն կմիջամտի Ուկրաինայի իրավիճակին, որը հնարավորություն կտար սկսել ռազմական կոնֆլիկտ դաշինքի հետ՝ մեր տարածքում: Դա տեղի չունեցավ, բայց ՆԱՏՕ-ն չթաքնվեց լկտիացած Կրեմլի սադրիչից՝ ուժեղացնելով իր զորքերն արևելքում և ցուցադրելով պայքարելու պատրաստություն, եթե Ռուսաստանը չհատի այն, ինչը ՆԱՏՕ-ում համարում են սեփական կարմիր գիծ»,- նման տեսակետ է հայտնել Վիտալի Պորտնիկովը:
Վերջինս հիշեցրել է, որ ուկրաինական ուղղությամբ գործողությունները Վլադիմիր Պուտինի գլխավոր նպատակը չեն, ավելին՝ դա Կրեմլի արտաքին քաղաքական ռազմավարության միայն մի մասն է: Ուկրաինայի հետ պատերազմն ընդամենն այն բանի հիշեցումն է, որ Արևմուտքը ոչ մի կերպ չպետք է անցնի ռուսական շահերի կարմիր գծերը, որը կապված է Մոսկվայի համար ակնհայտ նախկին խորհրդային հանրապետություններում Ռուսաստանի գերիշխանության հետ: Բայց, ըստ նրա, հաջորդ կարմիր գիծը Բալթյան երկրներն են, որոնք Մոսկվայում համարում են Խորհրդային Միություն, և նախկին Վարշավյան համաձայնագրի երկրները:
Ընդ որում, Պորտնիկովի կարծիքով՝ դիտվում է հակառակորդի հոգեբանության չիմացություն, քանի որ ՆԱՏՕ-ում շարունակում են հուսալ, որ Պուտինն ազդանշանը կընկալի պատշաճ կերպով, կհասկանա, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել կամ հանգստանալ, այնինչ Պուտինը ՆԱՏՕ-ի գործողություններն ընկալում է՝ որպես Ռուսաստանին դիտավորյալ կերպով հրահրելու փորձ, որին պետք է պատասխանել: «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ապագա նիստը պետք է արտացոլի այդ չիմացության խորությունը»,- նկատել է նա: Վերջինիս համոզմամբ, հիբրիդային պատերազմը կսկսվի հենց այնտեղ, որտեղ կհայտնվեն ՆԱՏՕ-ի նոր ուժերը՝ Բալթյան երկրներում, և նույնիսկ Լեհաստանում՝ Կալինինգրադյան անկլավի հետ այդ երկրի սահմանների վրա:
Դրանք, նրա որակմամբ, հազիվ թե լինեն բաց մարտական գործողություններ, բայց հնարավոր են դիվերսիաներ, ահաբեկչական գրոհներ, մի խոսքով, ՆԱՏՕ-ի անօգնականության ցուցադրություն: «Երբեք չպետք է մոռանալ, որ ջղերի պատերազմը խաղացողների ցանկացած սխալի դեպքում կարող է հեշտությամբ հանգեցնել սովորական պատերազմի, ինչը տեղի ունեցավ ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1914 թվականին»,- նշել է Վիտալի Պորտնիկովը:
Պատրաստեց Արաքս Մարտիրոսյանը