Բաժիններ՝

«Վախով ենք ապրում, բայց դե ի՞նչ անենք, ո՞ւր գնանք». վթարային շենքերի բնակիչները սպասում են

asparez.am. Արկադի Մանուչարյանը 1972 թվականից բնակվում է Վանաձորի ի Տերյան 7 հասցեում: Ասում է` ահ ու դողով են ապրում, շենքը կարող է մի օր փլվել: Նրա խոսքով` այս տարիների ընթացքում երբեւէ շենքի ամրացման աշխատանքներ չեն իրականացվել. «Մեր շենքը լրիվ վթարային է: Էս կողքի պատն էլ մի քանի անգամ փլվել ա, նորից սարքել ենք: Վախով ենք ապրում, բայց դե ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Ո՞ւմ դիմենք, ո՞ւմ ասում ենք, պատասխանում են` դուք ձեր ուժերով սարքեք: Էս շենքերի տակն էլ լրիվ ջուր ա լցված: Ասում են` իբր 3-րդ կարգի վթարային է, բայց ի՞նչ 3-րդ, մի 7-րդ, 8-րդ կարգի վթարային ա էս շենքը»:

Արկադիի ընտանիքի պես Վանաձորում շատ ընտանիքներ են ապրում՝ նոր ու ավելի ապահով բնակարան ունենալու հույսով:

Այսօր Վանաձորում կա 1056 բազմաբնակարան շենք՝ 26 հազար 216 բնակարանով: Այս շենքերից 512-ը՝ 5220 բնակարաններով, ունեն 1-ին կարգի, 457-ը՝ 16 հազար 518 բնակարաններով՝ 2-րդ կարգի եւ 84-ը՝ 3 հազար 280 բնակարաններով՝ 3-րդ կարգի վթարայնության աստիճան:

vtarayin_2

-3-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող շենքերը բաժանվել են 3 խմբի՝ Ա, Բ, Գ: Ա վերին սահմանում գտնվում են առավել վթարային 20 շենքերը, որոնք որ, եթե գումարներ լինեն կառավարության կողմից տրամադրված, կամրացվեն: Բ միջին սահմանում գտնվում է 34 շենք, իսկ մյուս մասը գտնվում է Գ ստորին սահմանում,-ասաց Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսության բաժնի պետի տեղակալ Գարեգին Մատինյանը:

Գ.Մատինյանը նշում է, որ այդ շենքերի շենքերի ամրացման համար անհրաժեշտ են բավականին մեծ գումարներ: Իսկ համայնքային բյուջեն նման աշխատանքներ իրականացնելու համար բավական չէ. «Այդ շենքերի ամրացման համար բավականին մեծ գումարներ են պահանջում: Վանաձորի քաղաքապետարանի ավագանին բազմաթիվ անգամ ուղերձներ է ուղարկել ՀՀ կառավարություն, որպեսզի միջոցներ տրամադրեն, աշխատանքներն իրականացվեն: Սակայն 10-ը տարուց ավելի է կառավարության կողմից այդ աշխատանքներն իրականացնելու համար բացարձակ գումար չի տրամադրվել: Կամ պետք է կառավարության միջոցներով իրականացվի, կամ էլ գոնե դոնոր կազմակերպություն լինի, որ ֆինանսավորի»:

Սպասելիքներ կան. սակայն երբ կառավարությունն այդ շենքերի ամրացման համար համապատասխան գումար կհատկացնի` ոչ ոք չգիտե.

«Ենթադրենք հատկացնեն: Բնական է, որ 84 շենքի համար գումար չեն հատկացնի: Ծայրահեղ դեպքում 4,5,6 շենքի համար: Սակայն դրանք ամրացնելուց հետո էլ էլի այդ խնդիրը մնում է օդում կախված,- նշում է Գ. Մատինյանը:

Վերջին անգամ Վանաձորում բազմաբնակարան շենքերի ամրացման աշխատանքներ իրականացվել են ավելի քան տասը տարի առաջ: Ամրացվել են Սուխումի 1, 2 եւ Ռուսթավի 7 շենքերը, իսկ մնացած 84-ի ճակատագիրը դեռեւս պարզ չէ:

Դեռ 1-2 ամիս առաջ Աժ-ում քաղաքաշինության նախարարն հայտարարել էր, որ վթարային բնակելի շենքերի համար առաջիկայում հնարավոր է նոր վարկեր պահանջվեն:

Ինչպես արդեն պարզ է` վթարավտանգ շենքերի հիմնանորոգման նպատակով ոչ միայն համայնքի բյուջեն բավարար չէ, այլեւ` պետական. եւ այս դեպքում կառավարությունը կրկին հիշում է նոր վարկերի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս