«Հայաստանն էապես կփոխի անվտանգության միջավայրի ոգին, եթե իր դերը ճիշտ վերաձևակերպի թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՀԱՊԿ-ի համար». Ստեփան Սաֆարյանը՝ Վարշավյան գագաթաժողովի մասին

ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը կկայանա Վարշավայում հուլիսի 8-9-ը: Այդ կայանալիք գագաթաժողովը մեծ կարևորություն է ստացել այս ժամանակաշրջանում, քանի որ հյուսիսատլանտյան դաշինքն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերների հետ և պատրաստվում «պատասխանել» դրանց: 168.am-ն այս մասին զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ, ով օրերս է վերադարձել Վարշավայից և հետևել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ այնտեղ տիրող մթնոլորտին:

Պարոն Սաֆարյան, Վարշավայում կայանալիք ՆԱՏՕի հերթական գագաթաժողովից առաջ ՆԱՏՕի պաշտոնյաները խոսում էին գագաթաժողովի ընթացքում ներկայացվելիք ռազմավարական նոր ուղղությունների, հատկապես՝ ՆԱՏՕի արևելյան թևն ամրապնդելու կարևորության մասին: Այս նոր ռազմավարությունում, ըստ նույն այդ հայտարարությունների, իրենց ուրույն տեղն են ունենալու Սևծովյան և Կասպյան ավազանները: Նոր եք վերադարձել Վարշավայից, որտեղ այս թեմայով հանդիպումներ եք ունեցել, քննարկումների մասնակցել: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է ՆԱՏՕն պատրաստվում առարկայացնել իր այս ծրագրերը, ինչպե՞ս է փորձելու հաղթահարել մարտահրավերները:

– Իրավացի եք, ամեն ինչ սկսվում է նրանից, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարծես թե միակարծիք են այն հարցում, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի համար, ըստ էության, դարձել է ռազմավարական մարտահրավեր: Երկու բառն էլ չափազանց խոսուն են, «ռազմավարական» որակմամբ՝ ենթադրվում է երկարաժամկետ կտրվածք, այսինքն՝ ՆԱՏՕ-ն կարծեք թե հույս չունի, որ ՌԴ-ն կդառնա գործընկեր, հարևան: Հետևաբար՝ «ռազմավարական մարտահրավեր» տերմինը պատահական չի օգտագործվում: ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում, գտնում են, որ վերջին երկու տարիների ակտիվության արդյունքում ՌԴ-ն ոչ միայն լուրջ վտանգներ է հարուցել բլոկի համար, այլ նաև խախտել է ուժերի հավասարակշռություն, որը պետք է վերականգնել:

Ուստի ՆԱՏՕ-ի անդամ երկրների բոլոր դիվանագետները գագաթաժողովից ակնկալում են այնպիսի որոշումների ընդունում, որոնք կվերականգնեն այդ խախտված հավասարակշռությունը: Չեմ կարող անուններ տալ, սակայն այս տեսանկյունից ՆԱՏՕ-ի անդամ երկրների բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովը կլինի անկյունաքարային, և բոլորը սպասում են, որ այն հիմք կդառնա մի մեծ գործընթացի, որը կբերի Ռուսաստանի զսպմանը: Պատահական չէ, որ գագաթաժողովի  հիմնական բանաձևն   այսպես է ձևակերպվում՝ «Զսպում պլյուս երկխոսություն»: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչ ասել է՝ նման գրեթե առճակատային իրավիճակում և՛ զսպել Ռուսաստանին, և՛ երկխոսել նրա հետ, բայց համենայն դեպս ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու պատուհան բացում է, թեպետ դրան զուգընթաց՝ գնալու է Ռուսաստանին Արևելյան Եվրոպայում, Հարավարևելյան Եվրոպայում զսպելու քաղաքականություն:

Այն, ինչը կարևոր է, Լեհաստանում, ըստ էության, ձևավորվում է մի կոնտինգենտ՝ բատալյոնի նման, որը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժը կլինի: Այն կլինի բազմազգ և հետևաբար՝ բավականին ակնառու կերպով կփոխի ռազմական ուժերի հավասարակշռությունը, ինչի անհրաժեշտությունը կա ներկայումս: Ինչպես ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն էին ներկայացնում, սա արդյունքն է այն բանի, որ ըստ էության Լեհաստանի սահմանից այն կողմ Ռուսաստանն ինքն է էապես փոխել ռազմական հավասարակշռությունը:

– Հաշվի առնելով այս սպառնալիքները, Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար, ՀՀ-ՌԴ հարաբերությունների ներկայիս բնույթը, Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները, Ձեր կարծիքով, ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն փորձելու կառուցել այս նոր ռազմավարության կոնտեքստում իր հարաբերությունները հարավկովկասյան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

– Հարավային Կովկասը մնում է բավականին բարդ շրջան, որտեղ ՆԱՏՕ-ն չի կարող ունենալ բոլոր երկրների նկատմամբ միատեսակ վերաբերմունք այն պարզ պատճառով, որ այդ երկրների ցանկությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու տարբեր արագություններ, տարբեր խորություններ ունեն: Այս առումով, իհարկե, առաջամարտիկը Վրաստանն է, որը փաստացի ձգտում է դառնալ դաշինքի լիարժեք անդամ: Ինչպես նախկինում, այժմ էլ շատերը թերահավատ են, որ այս գագաթաժողովում Վրաստանին և Ուկրաինային կառաջարկվի անդամության ծրագիր, որովհետև ՆԱՏՕ-ում ևս գիտակցում են խնդրի բարդությունը ոչ միայն՝ այն առումով, որ ՌԴ-ն ցավագին է վերաբերվում դրան, այլև՝ Վրաստանն այլևս տարածքային լուրջ խնդիր ունի Ռուսաստանի հետ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ   ռազմաքաղաքական կոնֆլիկտներ չներգրավելու համար ՆԱՏՕ-ն այս ուղղությամբ չի շտապի որոշումներ կայացնել:

Բայց Ուելսյան գագաթաժողովում ՆԱՏՕ-ն Վրաստանին շնորհեց թիվ 1 գործընկերոջ կարգավիճակ, նաև բավականին աննախադեպ համատեղ զորավարժություններ տեղի ունեցան Վրաստանի տարածքում, և սա նշանակում է, որ մենք կունենանք առնվազն մեկ քայլ առաջ, քան Ուելսյան գագաթաժողովն էր, որը կենթադրի մի այնպիսի կարգավիճակ Վրաստանի համար, որը չի լինի անդամություն, այդուհանդերձ   չափազանց խորը կլինի: Ինչպիսի ձևակերպումներ կտան այդ կարգավիճակին, դեռևս ոչ մեկը Վարշավայում չէր խոսում:

Այս կտրվածքով Հարավային Կովկասում իրերի դրությունը բարդ է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որում թելադրող դիրքեր ունի ՌԴ-ն: ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում երկկողմ մակարդակով ցանկությունը մեկն է՝ առնվազն պահպանել ու շարունակել այն համագործակցությունը, որը ծավալվել է կողմերի միջև մինչ այժմ: Սա երկու կողմին էլ բավարարում է:

Ադրբեջանի պարագան համեմատաբար բարդ է: Հիշում ենք, թե ինչպես Ուելսյան գագաթաժողովի նախաշեմին Ադրբեջանը փորձեց թեժացնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, որպեսզի ՆԱՏՕ-ն իր օրակարգում ներառի   ԼՂ հակամարտության հարցը, և այդ գործընթացում Թուրքիան իր դերակատարությունն էր փորձում ունենալ: Կարծում եմ, որ այժմ էլ փորձեր կարվեն, որպեսզի ԼՂ հակամարտության հետ կապված թուրքական լոբբինգն իր նպատակին հասնի: Անկեղծ ասեմ, որ իմ բոլոր հանդիպումներում և ելույթներում մշտապես շեշտում էի, հորդորում էի, որ Հայաստանի համար զգայուն այդ խնդրում ՆԱՏՕ-ն բացարձակ նրբանկատ գտնվի, քանի որ կվտանգի այն, ինչ առկա է: Մենք, իհարկե, գնահատում ենք տարիների ընթացքում ձևակերպումների էվոլյուցիան, որն ունեցել ենք նույն Ուելսյան գագաթաժողովում, բայց համենայն դեպս ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունների խորացման համար թերևս չափազանց կարևոր է, որպեսզի այդ դինամիկան շարունակվի, որովհետև ՀՀ-ն ՆԱՏՕ-ի համար բավականին կայուն գործընկեր է, լինելով ՀԱՊԿ անդամ: Հետևաբար՝ ՆԱՏՕ-ն նրբանկատ պետք է լինի, սա էր հիմնական ուղերձը, որը փորձում էի հասցնել ՆԱՏՕ անդամ երկրների դիվանագետներին բոլոր հանդիպումների, ելույթների ժամանակ, հույս հայտնելով, որ չի ամրագրվի ձևակերպում, որը լրջորեն կհարվածի մեր համագործակցության հեռանկարներին:

– Տարածաշրջանում Հայաստանը միայնակ հայտնվել է ռուսական անվտանգության գոտում, Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ անդամակցության, Թուրքիան,Արբեջանն ու Վրաստանը լայն և ընդգրկուն ռազմատեխնիկական փոխգործակցության ավանդույթ են ձևավորել, ինչն ավելի շատ արևմտյան դաշինք է դիտարկվում՝ հաշվի առնելով Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունն ու Վրաստանի ձգտումները, Հարավային Կովկասում ձևավորվում է նաև միասնական Կովկասյան ՀՕՊ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև: Ինչպե՞ս է այս ամենն անդրադառնում ՆԱՏՕ-ում Հայաստանի իմիջի վրա, շատ փորձագետներ գտնում են, որ ՀՀ-ն ևս կսկսի դիտարկվել՝ որպես սպառնալիք:

– Չեմ կարծում, որ Հայաստանը երբևիցե ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կընկալվի՝ որպես սպառնալիք: ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ բարդագույն հարաբերություններ ունենալու ցանկություն չունի: Թերևս, միակ մտահոգությունը, որը մենք հայտնել ենք միացյալ ՀՕՊ ձևավորման վերաբերյալ, այն է, որ Հայաստանը կարող է դառնալ գործողությունների թատերաբեմ: Եկեք սկսենք նրանից, որ անվտանգության միակ համակարգը, որը գոյություն ունի Կովկասում դա ՀԱՊԿ-ն է, այլ համակարգ գոյություն չունի՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ՆԱՏՕ-ն պարզապես սահմանակից է Հարավային Կովկասին Սև Ծովի միջոցով՝ Բուլղարիա, Ռումինիա և ավելի հարավ՝ Թուրքիայի միջոցով: Միակ իրողությունն այն է, որ ՌԴ-ն բավականին ագրեսիվ է դարձել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նկատմամբ և բացահայտ հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն իր ավանդական ազդեցության գոտիներում ոչ միայն ողջունելի չէ, այլ կարող է հակազդեցության արժանանալ: Ուստի պատահական չէր միացյալ ՀՕՊ-ի անվանումը՝ «Կովկասյան», սա ակնարկ էր ՆԱՏՕ-ին, որ ՌԴ-ն չի ցանկանում որևէ կերպ Կովկասը զիջել որևէ այլ անվտանգության համակարգի:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աղեղը չկարողացավ դառնալ այն, ինչն ի սկզբանե երազում էր: Այժմ էլ կարծես թե ռուս-թուրքական վերահաշտեցման խորապատկերին քիչ հավանական է թվում, որ ՌԴ-ն թույլ տա, որպեսզի այդ դաշինքը բավարար ամրությունը ստանա: Թուրքիայի կիսատ-պռատ ներողությունը շտապ կերպով ընդունելու Ռուսաստանի ձգտումը հենց սրանով էր պայմանավորված, ՌԴ-ն շատ ավելի մեծ խնդիր ունի լուծելու Կովկասում, որտեղ Թուրքիայի լոյալությունն ու չեզոքությունը պետք է Վրաստանի ու Ադրբեջանի հարցերը լուծելու համար:

Այս ամենի համար ՌԴ-ն նույնիսկ իր արժանապատվության լիարժեք հարգման խնդիրը ստորադասեց իր հեռահար նպատակներին և շատ արագ կերպով հաշտության գնաց Թուրքիայի հետ: Ուստի խաղը տակավին մնալու է բարդ, և հավատացեք, որ որքան էլ մենք հիացած չենք ՀԱՊԿ համակարգի կարևորությամբ մեր անվտանգության համար, այնուամենայնիվ ՀՀ-ն, լինելով հենց այդ համակարգի անդամ, կարող է կարևորություն ստանալ ՆԱՏՕ-ի կողմից, եթե, իհարկե, կարողանա ճիշտ ձևակերպել իր գործառույթն ու դերակատարությունը և՛ ՆԱՏՕ-ՀՀ, և՛ ՀԱՊԿ-ՀՀ հարաբերություններում: Մենք, ըստ էության, ՀԱՊԿ-ում ունենք լրջագույն խնդիրներ հատկապես մեր դաշնակիցների վարքագծի կապակցությամբ, և այս առումով պետք է մեր դիրքերը վերանվաճենք ՀԱՊԿ-ում, մյուս կողմից՝ կունենանք որոշակի դերակատարում, որի համար կարևոր գործընկեր կդառնանք ՆԱՏՕ-ի համար: Չեմ ուզում ասել, որ Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև միջնորդ, ամենևին: Անվտանգության երկու համակարգերի հետ իր հարաբերություններում Հայաստանն էապես կարող է փոխել անվտանգության միջավայրի ոգին, եթե, իհարկե, իր դերը ճիշտ վերաձևակերպի ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի համար:

– Այս պահի դրությամբ հայտնի չէ գագաթաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափն ու մակարդակը: Ինչպե՞ս, ըստ Ձեզ, Հայաստանը պետք մասնակցի այս գագաթաժողովին:

– Ի սկզբանե Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում եղել է թեպետ շատ սիմվոլիկ՝ լինի դա Կոսովոյում թե այլ  տարածաշրջաններում, բայց վերին աստիճանի բարձր քաղաքական կարևորության: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն առայժմ Հայաստանի համար առավելագույն խնդիրը, որ լուծել է,   թերևս, պաշտպանական համակարգի ներքին բարեփոխումներից զատ, որոնք չեմ ուզում թերագնահատել, տարածաշրջանային կամ գլոբալ մակարդակում քաղաքական է եղել, միջազգային հարաբերություններում ՀՀ-ի անվտանգությունն է բարձրացել, երբ ՆԱՏՕ-ն գնահատել է, որ ՀԱՊԿ անդամ փոքրիկ մի երկիր բավականին ակտիվ մասնակցություն ունի ՆԱՏՕ-ի օպերացիաներում:

Սա ստիպել է ՆԱՏՕ-ին փորձել այս կամ այն չափով և նրբանկատ լինել ՀՀ-ի հետ կապված հարցերում և նաև   հարաբերություններ խորացնել: Այս կտրվածքով, թերևս, նկատի ունենալով այն, որ մեր հարաբերությունները կարևոր են բանակի բարեփոխումների համար, և երկրորդ՝ միջազգային անվտանգության համակարգում զուտ քաղաքական տեսանկյունից ցանկալի կլինի նախագահի մակարդակով մասնակցություն:

Բայց սա էլ իր հերթին՝ մի քանի խնդրից է կախված: Հայաստանի նախագահի մակարդակով մասնակցության համար պետք է բավարարված լինի ՀՀ-ի համար կենսական նշանակություն, զգայունություն ունեցող հարցերում, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, նրբանկատ ձևակերպումներ: ՀՀ մասնակցության մակարդակը, կարծում եմ, կախված կլինի, թե վերջին պահին ինչպես ՆԱՏՕ-ն կձևակերպի այս տարածաշրջանում առկա ԼՂ հակամարտության տարածքային ամբողջականության հարցը: Կարծում եմ, որ սրանից է կախված լինելու մասնակցության մակարդակը: Տարիներ առաջ Չիկագոյի և մի շարք այլ գագաթաժողովներում ՀՀ-ն բացահայտ հասկացրեց, որ չի մասնակցում նախագահի մակարդակով, որովհետև ՆԱՏՕ-ի ձևակերպումներն իր համար ընդունելի չեն:

Ի դեպ, ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ նախագահի մակարդակով մասնակցության հարցը մշտապես հայտարարվել է վերջին պահին շատ անակնկալ կերպով: Այս հարցի մասին դատողութուններ անելիս մեր տրամադրության տակ պետք է լինի եզրափակիչ փաստաթուղթը, որպեսզի հասկանանք՝ Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ նախագահի մակարդակով մասնակցություն, թե՞ ոչ: Այնուամենայնիվ կարևոր է նաև նշել, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախագահի մակարդակով մասնակցությունը հնարավորություն է տալիս այնտեղ հնչեցնել սեփական տեսակետը, ձևակերպել սեփական ակնկալիքները ՆԱՏՕ-ից, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումից, և դա ոչ պակաս կարևոր հանգամանք է: Չէ՞ որ աշխարհի թելադրող հատվածը ներկա է լինելու այդ գագաթաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս