«Այսօր ունեինք մի հիվանդ, որ կերել էր ծիրան ու ասաց, որ մի երկու հատն էլ կերել է առանց լվանալու». Ինֆեկցիոնիստը՝ «կեղտոտ ձեռքերի» հիվանդության մասին
«Նախորդ տարիների հետ համեմատած՝ մենք ոչ մի արտառոց երևույթ չունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բաժանմունքի վարիչ Մելանյա Շմավոնյանը:
Նա նկատեց, որ երբ եղանակները տաքանում են, ավելանում է աղիքային խնդիրներով հիվանդների քանակը. «Բայց որ մեծ քանակով հիվանդներ ունենք՝ ոչ: Ամռանը Հայաստանում ընդունված է ավելի շատ կանաչեղեն, միրգ օգտագործելը, ու որոշ դեպքերում, մի քիչ անփութությունից, լավ չեն լվանում բանջարեղենը, կանաչեղենը, լավ չեն պահպանում սննդամթերքը, դա էլ բերում է նրան, որ աղիքային խնդիրներով հիվանդները շատանում են»:
Նա նշեց, որ իրենք բոլոր հիվանդներին խորհուրդ են տալիս ձեռքերը լավ լվանալ, սնունդը առողջ մարդ պատրաստի, պատրաստված սնունդը շուտ օգատործի. «Անցյալ տարի ունեինք արդեն խմբակային հիվանդացության դեպքեր, այս տարի մենք չունենք: Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան օղակները լավ են աշխատել, ու հիմա նման խմբակային դեպքեր չունենք»:
Մ. Շմավոնյանի խոսքով՝ բոլոր աղիքային վարակները կոչվում են նաև «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, քանի որ սնունդը մաքուր ձեռքով չեն պատրաստում: Նա նշեց, որ հիմա օրվա մեջ 1-2 մեծահասակ հիվանդներ են ունենում, իսկ երեխաների քանակը մի փոքր ավելի շատ է, քանի որ նրանք ավելի զգայուն են հիվանդությունների նկատմամբ: «Այսօր ունեինք մի հիվանդ, որ կերել էր ծիրան ու ասաց, որ մի երկու հատն էլ կերել է առանց լվանալու»,-նշեց Մ. Շմավոնյանը:
Նա նորից շեշտեց, որ պետք է այս շոգ եղանակին ուտել թեթև սննունդ, շատ հեղուկներ օգտագործել, խուսափել՝ երշիկեղենից և ապխտած մսերից: Մ. Շմավոնյանը նաև հայտնեց, որ վարակների դեպքում հիվանդի մոտ հնարավոր է նախ լինի ջերություն և թուլություն, հետո փսխում և լուծ: