Բաժիններ՝

Արցախում արտադրված ձվի արտահանումն այսօր ձեռնտու չէ. գործարարը խնդիր է բարձրացնում

Արցախում արտադրված ձվի արտահանումն այսօր այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ հավի կերը ներկրում են ՌԴ-ից, ուստի արտադրանքի ինքնարժեքը մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում: Այս մասին Ստեփանակերտում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախում ձվի եւ հավի մսի արտադրությամբ զբաղվող «Լուսակերտ» ընկերության հիմնադիր Դավիթ Դադայանը:

Նրա խոսքով, այսօր ստեղծված իրավիճակում արտահանումն իրենց ընկերությանը այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ իրենք հավի կերը ներկրում են Ռուսաստանից, հետեւապես արտադրանքի ինքնարժեքը իրենց վրա մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում, քան ՌԴ-ում, որտեղ նույն արտադրությունը կազմակերպում են տեղական կերով:

Հետեւապես, ըստ ընկերության տնօրենի, ստեղծված օբյեկտիվ իրավիճակի պատճառով, իրենք առայժմ բավարարվում են միայն տեղական շուկայով, թեեւ արտադրական ծավալներն ավելացնելու մեծ ներուժ ունեն:

Ի պատասխան Արտակ Շաբոյանը նշել է, որ թեեւ շատ հարցեր գտնվում են մրցակցային մարմնի կարգավորման դաշտից դուրս, սակայն ՏՄՊՊՀ-ն այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում կփորձի գտնել օպտիմալ լուծումներ, որոնք կնպաստեն արտադրողների բիզնես գործունեությունն առավել ընդլայնելուն:

Աղբյուրը` karabakh-open.info:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս