
Պայթյուն Մեդինայում՝ Մուհամմեդ մարգարեի մզկիթում. կան զոհեր

Մեդինայում՝ Մուհամմեդ մարգարեի մզկիթի համալրի մոտ, մահապարտ ահաբեկիչի գործի դրած պայթուցիկ սարքի հետևանքով սպանվել է անվտանգության 4 աշխատակից, 5-ը տուժել է, հայտնել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ հազարավոր ուխտավորներ հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Մուհամմեդի մզկիթը (Մասջիդ ան-Նաբավին) Մուհամմեդ մարգարեի թաղման վայրն է, այն համարվում է մուսուլմանական գլխավոր սրբավայրերից մեկը:
Մեդինան իսլամում կարևորությամբ երկրորդ քաղաքն է Մեքքայից հետո:
Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել այն բանից հետո, երբ գրավել է անվտանգության աշխատակիցների ուշադրությունը, որոնք նրա վարքագիծը կասկածելի են համարել: