Հայկական Gugas հավելվածը հնարավորություն է տալիս երթևեկել՝ կիսելով ճանապարհածախսը
Ամերիկյան համալսարանի ուսանողների ստեղծած Gugas (Գուգաս) հավելվածը ճանապարհորդողների համար ստեղծված հայկական ստարտափ է, որը նոր հարթակ է ստեղծում քարփուլի (carpool) և տաքսի ծառայության համար: Ծրագիրը բաղկացած է երկու հավելվածներից՝ «Gugas» և «Gugas driver»`նախատեսված համապատասխանաբար՝ ուղևորների և վարորդների համար:
Gugas հավելվածի հեղինակներն են ծրագրավորողներ Կարլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանն ու Ալբերտ Համբարձումյանը:
168.am-ի հետ զրույցում Կարլեն Մանասերյանը մանրամասնեց, թե ինչպե՞ս կարելի է օգտվել հավելվածից, ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռում վարորդներին և ուղևորներին:
«Մեր նպատակն է՝ ճանապարհորդողների համար ստեղծել սոցիալական ցանց, այսինքն՝ գտնենք վարորդներ, որոնք կտեղափոխեն մարդկանց, և ուղևորներ, որոնք իրենց հետ կգնան, ու այդտեղ լինեն երկկողմանի շահավետ պայմաններ: Վարորդն իր ճանապարհածախսը կկիսի, ուղևորն էլ մատչելի պայմաններով կտեղափոխվի»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հավելվածը հասանելի է Android և iOS համակարգերի համար, իսկ առաջիկայում հասանելի կլինի նաև Windows համակարգով աշխատող մոբայլ սարքերի համար:
Կարլենի խոսքով՝ քարփուլինգը մեծ տարածում ունի արտասահմանում, և ուզում են՝ այդ մշակույթն այստեղ էլ տարածվի. «Վարորդներն իրենց ճանապարհածախսը կիսում են մարդկանց հետ. մարդիկ միանում են վարորդներին ու երթևեկում, արդյունքում՝ մեքենաներն են քիչ լինում, մաքսիմալ ծանրաբեռնված են լինում մեքենաների նստատեղերը, այդտեղ վարորդն է օգտվում, ճանապարհածախսն է կիսվում, ուղևորներն ազատ պայմաններով երթևեկում են, ու էկոլոգիան էլ է պահպանվում»:
Նա նշեց, որ վարորդները ներբեռնում են Gugas driver հավելվածը, իսկ ուղևորները՝ Gugas-ը. «Երկուսի դեպքում էլ գրանցումը պարտադիր Ֆեյսբուքով է, որպեսզի որոշ չափով կարողանանք մարդկանց անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ եթե մարդը տեսնում է որևէ վարորդի կողմից հայտարարված որևէ ուղի, կարող է Ֆեյսբուքով էլ փնտրել տվյալ վարորդին և տեսնել, թե ինչ մարդ է: Որոշ չափով կարող է կարծիք կազմել կոնկրետ օգտատերի մասին: Բացի նրանից, որ Ֆեյսբուքով կարող են տեսնել՝ տվյալ անձը ով է, նաև երկկողմանի գնահատման համակարգ կա, որը որոշ չափով վստահություն է ներշնչում: Գնահատելը պարտադիր է, եթե, օրինակ, տաքսի երթևեկություն կատարվեց, վարորդը չի կարող իր հավելվածից օգտվել, քանի դեռ չի գնահատել ուղևորին, ու հակառակը: Գրանցումը, բացի Ֆեյսբուքից, նաև հեռախոսահամարով է. ծածկագիր ենք ուղարկում SMS-ով, դա մուտքագրում են համակարգ, նոր գրանցվում այնտեղ: Անհրաժեշտության դեպքում կարող ենք այդ տվյալները ներկայացնել համապատասխան մարմիններին»:
Gugas հավելվածը, բացի քարփուլինգից, վարորդներին հնարավորություն է տալիս կատարել տաքսի ծառայություն. «Վարորդները միացնում են իրենց տաքսին օնլայն, ու այն ուղևորները, որոնք այդ հավելվածն ունեն, կարող են պատվիրել տաքսի: Այսինքն՝ նույն ուղևորը, որը վարորդի հետ ճանապարհորդության է գնում, կարող է նաև տաքսի պատվիրել մեր համակարգում, որտեղ վարորդը նորից մեզ մոտ գրանցված վարորդն է: Մենք հիմնականում շեշտն ուզում ենք դնել կիսելու վրա, որ մարդիկ կիսեն իրենց մեքենաները, արդյունքում՝ նաև նոր ծանոթություն, նոր ընկերներ են ձեռք բերում»:
168.am-ի հարցին՝ այս տաքսի ծառայությունը շուկայում արդեն եղած նմանատիպ այլ տաքսի ծառայություններից ինչո՞վ է տարբերվելու, Կարլենը պատասխանեց. «Մյուսների առաջարկած ծառայությունը կա, բացի այդ՝ մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս նաև տաքսին կիսել: Առայժմ դա չկա, մինչ այդ ուզում ենք ստանդարտ տաքսի ծառայությունն ակտիվացնել, մարդիկ սովորեն դրան, նոր այդ գործառույթը կակտիվացնենք: Օրինակ՝ եթե ես տաքսի պետք է պատվիրեմ, վճարեմ 1000 դրամ, ես կարող եմ այդ տաքսին կիսել 3 հոգու հետ, ամեն մեկս վճարենք 400 դրամ, արդյունքում՝ ես 1000-ի փոխարեն՝ վճարում եմ 400 դրամ, վարորդն էլ 200 դրամ ավելի գումար է ստանում: Դա ձեռնտու է և՛ վարորդին, և՛ ուղևորին: Վարորդն այդ դեպքում ավել կանգառներ է անում, որ ուղևոր վերցնի, ինչի համար ավել գումար է աշխատելու, ուղևորներին էլ ձեռնտու է, որ իրենց ճանապարհածախսը կիսում են: Քարփուլինգը կիրառում ենք նաև տաքսի շուկայում: Հիմնական տարբերությունը դա է, որ անկախ նրանից՝ քարփուլի՞նգ են անում, թե՞ տաքսի են պատվիրում, դա լինի կիսելու տարբերակով»:
Ծրագրի համահեղինակն ընդգծեց՝ քարփուլինգի դեպքում վարորդներից միջնորդավճար չի գանձվում, հարթակն անվճար է ու միշտ անվճար է մնալու. «Միջնորդավճար վերցնելու ենք միայն տաքսիի պատվերներից, վարորդը հենց պատվերն ընդունեց, 100 դրամ ֆիքսված գանձվում է: Առայժմ դա էլ չկա, սեպտեմբերի 1-ից նոր վարորդներից միջնորդավճար կվերցնենք»:
Մեր զրուցակցի խոսքով՝ քարփուլինգում այս պահին 100-ից ավելի գրանցված վարորդներ կան, իսկ գրանցված ուղևորների թիվը մոտ 400 է. «Մոտավորապես 40 վարորդ ուղի է հայտարարել, որ՝ ես այսինչ տեղից գնում եմ այստեղ, բայց դեռ չի եղել դեպք, որ ուղևորը միանա վարորդի հետ ու երթևեկի: Մենք մարքետինգ չենք արել, մարդիկ այդքան էլ տեղյակ չեն հավելվածի մասին»:
Ինչ վերաբերում է քարփուլինգի գնային քաղաքականությանը, ապա նա նշեց, որ հավելվածը թույլ է տալիս տեսնել՝ վարորդը մեկ տեղի համար ինչքան գումար է պահանջում. «Ուղիների համար անվճարից մինչև 9000 դրամ մեկ տեղի համար կարող են վերցնել: Վարորդներն իրենց մոտ նշում են՝ մեկ տեղի համար ինչքան գումար են վերցնում, ուղևորները դա տեսնում են, որոշում են՝ միանա՞լ, թե՞ չմիանալ: Այդտեղ, որ միջնորդավճար էլ չենք գանձում, նպատակն այն է, որ վարորդներն էլ մատչելի գին ասեն, որպեսզի ուղևորները համաձայնեն գնալ: Գումարն էլ կանխիկով են վճարում վարորդներին: Միևնույն հավելվածը հնարավորություն է տալիս վարորդներին հայտարարարել և՛ քարփուլինգ, և՛ տաքսի»:
Gugas-ի հեղինակներն այսքանով չեն բավարարվել ու երկու օր առաջ հանդես են եկել նորույթով. Նրանք հնարավորություն են տալիս ֆեյսբուքյան օգտատերերին՝ առանց հավելվածը ներբեռնելու՝ օգտվել Gugas-ից. «Ծառայությունը կոչվում է՝ Messenger bot. «Մեսինջեր»-ով գրում եք «Հեյ» բառը, Ֆեյսբուքը հաղորդագրությունն ուղարկում է սերվերին, և այն պատասխանում է ձեզ: Առանց մեզ մոտ գրանցվելու՝ հնարավորություն են ստանում փնտրել, տեսնել՝ մեզ մոտ քարփուլինգի ինչ ուղիներ կան, ու միանալ դրանց: Այս ծառայությունը հասանելի է հայերենով և անգլերենով: Իսկ առհասարակ Gugas հավելվածը 4 լեզվով է՝ հայերեն, անգլերեն, պարսկերեն ու ռուսերեն, շուտով ֆեյսբուքյան էջն էլ կթարմացնենք նույն լեզուներով»: