
Կարասինը հաստատել է` հուլիսի սկզբին Լավրովը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հաստատել են, որ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի առաջին օրերին կայցելի Հայաստան: Այստեղ նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին, այնուհետև կմեկնի Ադրբեջան: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: «Սկզբում նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա հուլիսի 4-ին: Հետո նա կայցելի Ադրբեջան»,ասել է Կարասինը:
Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն «հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի իրադրության լույսով»: Մոսկվան «ակնկալում է, որ երեւանյան հանդիպումը կարեւոր ավանդ կներդնի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»: