«Այսօր ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, սակայն այլընտրանք ձևավորել հնարավոր է». Արմեն Ռուստամյան

«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ունի որոշակի ձևաչափով համագործակցություն, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ, և պետք է շարունակվեն նույն տրամաբանությամբ մեր կապերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս էլ ավելի ամրապնդել մեր այլընտրանքային հնարավորությունները թե´ անվտանգության հարցերով, թե´ տարածաշրջանային խնդիրների հետ կապված: Հայաստանը պետք է միշտ լինի սուբյեկտ, գործոն և այդ հարաբերությունների մեջ հանդիսանա դերակատար: Եվ դրա համար մասնակցությունն առաջիկա գագաթաժողովին անհրաժեշտ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասին:

Թե ի՞նչ մակարդակով կլինի Հայաստանի մասնակցությունն այդ կարևոր միջոցառմանը, Ա.Ռուստամյանն այդքան էլ չկարևորեց՝ նշելով, որ դրանից չի կարող տուժել մասնակցության որակը: Ըստ նրա՝ Հայաստանը երբեք չի դրել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության խնդիր և ճիշտ է արել, դա ԵՄ-ի հետ կապված նույն տրամաբանությունն է. «Մենք համարում ենք, որ դա պետք է բնական առաջանա, այդ հարաբերությունները պետք է լինեն բնական, ոչ թե պարտադրված ինչ-որ մի ձևաչափի մեջ մտնելու տրամաբանությամբ: Սակայն արտաքին քաղաքականության մեր հնարավորությունները, մեր կենսական անհրաժեշտությունից բխող անվտանգության հետ կապված նվազագույն անհրաժեշտ մակարդակն ապահովելը մեր սրբազան իրավունքն է, և դա մենք կարող ենք իրականացնել տարբեր հեռավորություն պահելով տարբեր կենտրոններից, որոնք կոչված են նույն անվտանգության տարածաշրջանային խնդիրները լուծելու, որովհետև այդ բոլոր կազմակերպությունների նպատակը հարձակողական չի, մյուսի դեմ չի, այլ ընդհանուր պաշտպանություն իրականացնելն է:

Եվ բնական է, որ, եթե այդ կազմակերպությունները հարազատ են մնում իրենց սկզբունքներին, նպատակներին, դա երբեք չի կարող հակադրվել մեկ այլ դաշտում մեր գտնվելու հանգամանքի հետ: Սա այն հնարավորությունն է, որ մենք պետք է միշտ կարողանանք օգտագործել և մենք արել ենք դա մինչև հիմա՝ պահելով տարբերությունները, թե ինչ խորությամբ ենք ամեն մեկի հետ համագործակցում»:

Ըստ Ա.Ռուստամյանի՝ համագործակցություն անպայման պետք է ունենալ բոլոր միջազգային կառույցների հետ, որտեղ լուծվում են տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներ: Նա նշեց, որ դրա մեջ Հայաստանն ամենաանկեղծն է եղել, և որևէ նման կազմակերպություն առիթ չունի, որ ՀՀ-ին մեղադրի, որ սպառնալիք է հանդիսացել թե´ կայունությանը, թե´ անվտանգությանը. «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանը բոլոր այդպիսի կառույցների համար շատ բնական ու ազնիվ գործընկեր կարող է հանդիսանալ՝ մեր անցած ամբողջ ճանապարհը նկատի ունենալով, և պետք է բոլորի հետ պահպանել բարիդրացիական հարաբերություններ, բայց պարտադիր չէ անդամակցել»:

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ին այլընտրանք այսօր չկա, և, եթե չկա այլընտրանք, պետք է ամրապնդել այն, ինչ կա: Նա նշեց, որ այլընտրանք ձևավորել հնարավոր է. «Դա պետք է կատարվի այն սկզբունքի հիման վրա, որ, եթե տվյալ կառույցում դու չես ստանում կենսականորեն անհրաժեշտ երաշխիքներ ինչ-որ հարցի հետ կապված, դու ազատ ես դա ստանալ այլ կառույցում և այլ հարաբերությունների մեջ մտնելով, և որևէ մեկը չի կարող դրա համար մեղադրել:

Մենք դրա փորձն ունենք, երբ Իրանի հանդեպ էմբարգոյի ժամանակ մենք հարաբերություններ ենք պահպանել այդ երկրի հետ՝ բացատրելով, որ դա մեր կենսական անհրաժեշտությունից է բխում: Այսօր իրական վտանգ ունենք Թուրքիայից, որը չեզոքացնում ենք այստեղ ռուսական ռազմաբազայով: Եթե այդ վտանգը չեզոքացնելու այլ հնարավորություն լիներ, օրինակ՝ նույն ՆԱՏՕ-ում, որը չի կարողանում իրականացնել, ենթադրենք, Ռուսաստանի ներկայությունն այստեղ, մենք դա, իհարկե, պետք է կատարենք:

Մենք աշխարհին պետք է ներկայանանք՝ մեր իրական սպառնալիքները ներկայացնելով, որոնք չեզոքացնելու առումով ազատ ենք կատարելու այս քայլը, որը տվյալ ձևաչափում կատարելու հնարավորություն չունենք»:

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի վարշավյան գագաթաժողովը, ենթադրաբար, կդառնա որոշիչ՝ մի շարք փոփոխությունների տեսանկյունից: Դաշինքը պետք է որոշումներ ընդունի առաջիկա տասնամյակում իր զսպման և պաշտպանական քաղաքականության հետ կապված և նախանշի իր սահմաններից դուրս կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս