«Առնվազն ծիծաղ է առաջացնում՝ ենթադրելը, որ երկու ինքնաձիգով, որպես այդպիսին, պետք է իշխանության յուրացում իրականացվեր»

Պաշտպանական կողմը գտնում է, որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ քրեական գործը քաղաքական պատվեր է Սէֆիլյանի հայացքների, քաղաքական գործունեության և հատկապես՝ ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ունեցած տարածքային կորուստների իրական չափերի վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

«Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը մարտական գործողությունների վերաբերյալ հայտնեց, որ որոշակի տարածքային կորուստներ ունենք. խոսքը 200-300 մետրի մասին է, և ադրբեջանցիներն ամեն մետրի համար մոտավորապես 1 զոհ են տվել: 2016թ. մայիսի 12-ին պարոն Սէֆիլյանը հրապարակավ հայտարարեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որ իրականում կորցրած տարածքների չափը կազմում է մոտավորապես 700 հա, ինչից 5 օր անց հանրապետության նախագահը, ըստ էության, հաստատեց պարոն Սէֆիլյանի ասածները՝ նշելով, որ կորցրած տարածքների չափը կազմում է մոտ 800 հա: Դրանից հետո փորձեր կատարվեցին Ժիրայր Սէֆիլյանի անունը վարկաբեկելու ուղղությամբ, նրա վերաբերյալ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակելու և, ի վերջո, որպես հիմնական գործիք՝ հարուցվեց քրեական գործ, և Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվեց»,- ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանն ասաց, որ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ գործով ձեռք բերված նյութերով հիմնավորվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ձեռք է բերել, պահել, փոխադրել զենք և ռազմամթերք, նպատակը՝ շենքեր, շինություններ, հեռուստաաշտարակը, Նուբարաշենի զորամասը գրավելը:

Արա Զաքարյանն ասաց, որ այս քրեական գործի նպատակն ամեն գնով Ժիրայր Սէֆիլյանին ազատությունից զրկելն է: Նա նշեց, որ Ժ. Սէֆիլյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ ևս կա, որը նույնպես քննվում է Քննչական կոմիտեում, որի նպատակն էր՝ նախորդ տարի ապրիլի 24-ին թույլ չտրվեր իրականացնել միջոցառումը: Այդ պատճառով մի շարք անձինք ձերբակալվեցին, ապա ազատ արձակվեցին, և քրեական գործը, ըստ փաստաբանի, մինչ այժմ գտնվում է քնած վիճակում՝ ո՛չ կարճվել է, ո՛չ դատարան է ուղարկվել, այն պահվել է որպես թուր՝ ցանկացած ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի և նրա համախոհների դեմ օգտագործելու համար:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քանի որ քննչական մարմինը չէր կարող գոնե ձևական հիմնավորում ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ, որ Ժիրայր Սէֆիլյանին կալանավորելու անհրաժեշտություն առաջացավ, հարուցվեց այս գործը, որի նպատակը՝ հնարավորինս երկար ժամանակով զրկել ազատությունից, հետևապես՝ քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

Արա Զաքարյանն ասաց, որ քրեական գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել, այդ թվում՝ պաշտպանական կողմի իրավունքի բացահայտ խախտումներ. Ժիրայր Սէֆիլյանը ցանկություն է հայտնել, որպեսզի Վարուժան Ավետիսյանը ևս պաշտպանի իր շահերը, բայց քննչական մարմինն ամեն կերպ փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը: Ըստ փաստաբանի՝ որոշում է կայացվել, որ Վարուժան Ավետիսյանին՝ որպես պաշտպան, չպետք է ներգրավել, քանի որ կարիք կա նրան որպես վկա հարցաքննելու:

«Շնորհակալություն հայտնեմ քննչական մարմնին, որ նույն կերպ իմ հանդեպ չի վարվել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այլ խախտումներ ևս եղել են:

Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ երեկ Ժիրայր Սէֆիլյանն առերեսվել է մեկ այլ անձի հետ, ում պահվածքից կարելի էր ենթադրել, որ նրա նկատմամբ ճնշումներ են կիրառվել, չի բացառում, որ ճնշումները նաև ֆիզիկական են եղել: «Չեմ բացառում, որ քննչական մարմինը նման խորթ մեթոդներով սույն գործով անցնող այլ անձանց վրա ևս ճնշումներ է գործադրել: Մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ նրանց առջև դրել են նաև Քրեական օրենսգիրքը, ցույց տվել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում, և ներկայացրել, որ՝ եթե դուք հանկարծ ցուցմունքներ չտաք այն մասին, որ Ժիրայր Սէֆիլյանի կողմից նախապատրաստական քայլեր են կատարվել իշխանությունը յուրացնելու ուղղությամբ, ապա մենք ձեզ այս հոդվածով մեղադրանքներ կառաջադրենք, իսկ եթե դուք այդպիսի ցուցմունքներ տաք, ապա Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կազատվեք քրեական պատասխանատվությունից: Հոդվածի սանկցիան բավական խիստ է՝ 10-15 տարի: Նման պարագայում ոչ բոլորը կարող էին դիմանալ այդ հոգեբանական, ինչո՞ւ չէ, նաև ֆիզիկական ճնշումներին»,- ասաց Արա Զաքարյանը:

Նա նշեց, որ, եթե այդ անձինք պատրաստ են եղել զինված յուրացնել իշխանությունը, պետք է հասկանալ, որ դժգոհ են իշխանությունից և հանուն իրենց գաղափարների՝ պատրաստ են զոհաբերությունների, առնվազն անտրամաբանական է, թե ինչ տեղի ունեցավ այդ անձանց հետ, որ քննչական մարմնի հսկողության տակ հայտնվելուց հետո սկսեցին համագործակցել իշխանության հետ և «ճշմարտությունն» ասել:

Վարուժան Ավետիսյանն էլ հիշեցրեց, որ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր կամավորագրման մասին, հավաքում էր կամավորների, որպեսզի հնարավոր լինի նրանց ուժերով ազատագրել հակառակորդի գրաված տարածքները: «Սա արդեն ռեժիմի և անձամբ Սերժ Սարգսյանի համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Բացի այն, որ Ժիրայր Սէֆիլյանը մատնանշում էր դավադրությունը և գլխավոր կատարողին, քայլեր էր ձեռնարկում այդ դավադրությունը խափանելու ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրվել է այնպիսի մեղադրանք, որպեսզի հնարավորինս երկար ժամանակով հնարավորություն ունենան մեկուսացնելու Ժիրայր Սէֆիլյանին և խափանելու նրա քաղաքական գործունեությունը:

«Առնվազն ծիծաղ է առաջացնում՝ ենթադրելը, որ երկու ինքնաձիգով, որպես այդպիսին, պետք է իշխանության յուրացում իրականացվեր: Սա ուղղակի զավեշտալի է»,- ասաց Արա Զաքարյանը՝ նշելով, որ քննչական մարմնի գործողությունները միտված են նրան, որպեսզի վաղ թե ուշ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք առաջադրեն Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով:

Վարուժան Ավետիսյանն ասաց նաև, որ այս գործով կալանավորված անձանց անունները, որոնք հրապարակվել են մամուլում, իրեն հատուկ բան չեն ասում, չի բացառում, որ՝ տեսնելով նրանց, կարող է հիշել, որ մի մասին որևէ տեղում տեսել է: Նրանք Հիմնադիր խորհրդարանի անդամներ կամ ակտիվ աջակիցներ չեն:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի մասին տարածված տեղեկատվությունը նման է այս գործով տարածված տեղեկատվությանը, օգտագործվում է նույն կաղապարը, որ դեռևս 30-ական թթ. է մշակվել, փորձ եղել է դա կապել Ժիրայր Սէֆիլյանի և նրա համախոհների հետ: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ դա փորձեն կապել Ժիրայր Սէֆիլյանի հետ, սակայն հավանականությունը մեծ չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս