Լևոն Զուրաբյանն իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը կրկին պատմական է համարում
Ինչպես հայտնի է, երեկ «Ռոյթերզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա: Ս. Սարգսյանը, սակայն, բացառել է դրա հնարավորությունը:
Այսօր Ազգային ժողովում 168.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց նախագահին այդ վստահությունը: Ի պատասխան՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենք սկզբից էլ ասել են, որ սահմանադրական փոփոխություններն այլ նպատակ չեն հետապնդում, քան Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը.
«Եթե այն ժամանակ շատերը մեր պնդումները հարցականի տակ էին դնում, հիմա իրենք թող զարմանան այդ զարգացումներից: Մեր դիրքորոշման կամ ընկալման մեջ ոչ մի բան չի փոխվել»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ է փոխվել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնություններից հետո, որ այժմ ՀԱԿ-ը դարձյալ ընդդիմադիր կեցվածք է ընդունում, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց.
«Ձեր հարցն արդեն շատ տարօրինակ և իրականության հետ որևէ աղերս չունեցող բաներ է պարունակում»: Լրագրողը շարունակեց, թե՝ դուք ասում էիք, որ դա պատմական իրադարձություն է, հիմա ի՞նչ է փոխվել: Ի պատասխան՝ Զուրաբյանն ասաց, որ հիմա էլ է ասում, որ պատմական է:
««Համաձայնություն» ու «կոնսենսուս» բառերը նույն իմաստն ունեն: Ես ասացի, որ սա կոնսենսուս չէ Ընտրական օրենսգրքի շուրջ, սա կոնսենսուս է կամ համաձայնություն է վերահսկման մեխանիզմների շուրջ: Ես ասում եմ ՝սա պատմական իրադարձություն է, եթե իրականացվի»,- պարզաբանեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: