Էդուարդ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի «առաջիկա պաշտոնի» մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ նորմալ է ընդունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերը:

Հիշեցնենք, որ «Ռոյթերզին» տված հարցազրույցում Ս. Սարգսյանն ընդգծում է, թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա՝ բացառում դրա հնարավորությունը։

Է. Շարմազանովի խոսքով՝ ցանկացած կուսակցության նախագահ, այն էլ՝ իշխող կուսակցության նախագահ, այն էլ՝ ամենաազդեցիկ ուժի նախագահը, բնականաբար, պետք է իր կարծիքն արտահայտելու իրավունքն ունենա. «Այդ կարծիքն օբյեկտիվ է, կարող է՝ փոքրամասնությանը դուր գա կամ չգա, բայց փաստ է, որ այսօր ՀՀ-ի ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Բարձր բղավելով չի կուսակցության ռեյտինգը որոշվում: Այդ առումով նախագահի խոսքը տրամաբանական էր, օբյեկտիվ էր, ընդունելի էր»:

Հարցին, թե՝ ո՞ր պաշտոնում եք տեսնում Սերժ Սարգսյանին հետագայում, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականն իր ամբողջ լիազորություններով լինելու է ՀՀ նախագահը, և բերեք դանդաղ շտապենք, կոռեկտ չի, որ ես այսօր խոսեմ նման հարցերի մասին»:

Դիտարկմանը՝ եթե նախագահն ասում է, որ չհաղթելու դեպքում իրեն չի տեսնում քաղաքականության մեջ, նշանակում է՝ հաղթելու դեպքում տեսնում է, ի՞նչ ֆորմատով է տեսնում, Է. Շարմազանովը հորդորեց դանդաղ շտապել.

«Նույն Շարլ դե Գոլը, երբ իր առաջարկած սահմանադրական բարեփոխումները չանցան, հրաժարական տվեց, և պարոն նախագահի ասածը քաղաքագիտական իմաստով շատ ճիշտ է»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որտեղի՞ց է այդ վստահությունը, որ ՀՀԿ-ն հաղթելու է, Է. Շարմազանովը պատասխանեց.

«Կան կուսակցություններ, որոնք ոտքից գլուխ յոթ հոգի են, 9.5 ձայն ունեն, բայց նենց են խոսում, ոնց որ իրենք, վաղը հենց ընտրություն լինի, մինիմում 80 տոկոս ձայն կհավաքեն: Վստահությունը որտեղի՞ց է: Վստահությունն այսօրվա վիճակից է, վաղվա Վանաձորի և Գյումրիի ընտրություններից է»: Դիտարկմանը, թե՝ դուք, ինչպես միշտ, վարչական ռեսուրսները կօգտագործեք, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ դրա համար Ընտրական օրենսգիրքը բարեփոխել են, հնարավորություն են տվել և՛ դիտորդական առաքելության ներկայացուցչներին, և՛ լրավամիջոցներին՝ նկարահանել այդ ամենը:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք և որոշ մարդիկ ուզում եք, որ ՀՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, որ ուրիշները հաջողություն ունենան: ՀՀԿ-ն Հայաստանում քաղաքական պրոցեսների լոկոմոտիվն է»,- եզրափակեց Է. Շարմազանովը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս