Աշխարհում եզակի HurryApp հավելվածը Երևանում իրականացրել է առաջին մրցավազքը
Աշխարհում այժմ ամենատրենդային զվարճանքներից մեկը քվեստների մասնակցելն է: Ամբողջ աշխարհում պարբերաբար թողարկվում են քվեստներ, որոնք առաջարկում են մեկը մյուսից հետաքրքիր առաջադրանքներ և մրցանակներ: Սակայն այս քվեստները միայն զվարճանքի համար են: Հայկական HurryApp բջջային հավելվածն առաջինն է աշխարհում, որը հետաքրքիր քաղաքային քվեստի հետ միաժամանակ՝ առաջարկում է զբաղվել առողջ ապրելակերպով: HurryApp բջջային հավելվածը քաղաքային քվեստի՝ արշավի հարթակ է, որի միջոցով մասնակիցները կկարողանան տեղեկանալ սպասվող քվեստների մասին, ընտրել առաջարկվող քվեստներից մեկը, անցնել չեքփոյնթներով (check-point) և պատասխանել հարցերին, լինել առաջիններից մեկը և վերջնակետում ստանալ վազքի գործընկերոջ կողմից տրամադրվող մրցանակները:
Հայկական հավելվածը թողարկվել է մի քանի օր առաջ՝ հունիսի 23-ին, սակայն հասցրել է գրանցել շատ մեծ հաջողություններ: Apple Store-ում և Google Play-ում հավելվածն ամենաշատ բեռնվողների թվում է: Հայաստանում iOS օպերացիոն համակարգում ներբեռնումների թվով հավելվածը 10-րդ հորիզոնականում էր թողարկման առաջին իսկ օրը: Ընդամենը 2 ժամում հավելվածը 10-րդից դարձավ 7-րդը:
168.am-ի հետ զրույցում հավելվածի մարքետինգով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ առողջության պահպանմանն ուղղված հավելվածի գաղափարը նախաձեռնող խումբն ունեցել է դեռևս 6 ամիս առաջ: Երկար քննարկումներից հետո որոշվել է, որ պետք է օգտակարը համատեղել հաճելիի հետ:
«Այսօր աշխարհում շատ են health հավելվածները, սակայն դրանք չունեն որևէ մոտիվացիա: Մենք ցանկանում էինք ստեղծել մի հավելված, որը կնպաստեր առողջության պահպանմանը՝ միաժամանակ ստեղծելով մոտիվացիա»,- պատմում է Հրաչուհի Բարսեղյանը:
Ըստ նրա՝ հավելվածը դասական չէ սպառողների համար, քանի որ շատերը հավելված ասելով՝ հասկանում են կա՛մ բիզնես-նախագիծ, կա՛մ խաղային բնույթ ունեցող հավելված: HurryApp բջջային հավելվածը տարբերվում է այլ քվեստներից նրանով, որ քվեստի ողջ ընթացքը կառավարվում է առցանց:
Որպես մոտիվացիա՝ հավելվածի հեղինակներն ընտրել են թանկարժեք նվերները: Նվերներ ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն հավելվածում և ծանուցումները ստանալուց հետո պատրաստվեն մրցավազքին: Մրցավազքի ընթացքում պետք է պատասխանել հարցերի, անցնել չեքփոյթներով և հասնել վերջնական կետին: Մրցանակ ստանալու համար պետք է անցնել նշված բոլոր վայրերով:
Հունիսի 25-ին կայացավ հավելվածի առաջին քաղաքային քվեստը, որին մասնակցեց 55 հոգի: Ըստ Հրաչուհի Բարսեղյանի՝ սա շատ լավ ցուցանիշ է, քանի օր հավելվածը թողարկվել էր ընդամենը մի քանի օր առաջ: 55 մասնակիցներից վերջնակետին հասավ 37-ը:
Հավելվածի հեղինակները նշում են, որ նախատեսում են հավելվածը թողարկել և մրցավազքեր իրականացնել ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Ըստ հեղինակների՝ հավելվածը նորարարական լուծում է մարքետինգի համար: Եթե Հայաստանում շուկան փոքր է, և բոլորը միմյանց ճանաչում են, ապա արտասահմանում հավելվածը կարող է դառնալ նորարարական մարքետինգի հրաշալի լուծում:
HurryApp-ը նախատեսում է անցկացնել հաջորդ քվեստը հուլիսի 2-ին, Երևանում:
Սիրարփի Աղաբաբյան