Գերմանիայի արտգործնախարարի՝ Ղարաբաղ կատարելիք այցը՝ ապատեղեկատվությո՞ւն

ԵԱՀԿ ղեկավար, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Ղարաբաղ կատարելիք այցը դեռ չի հաստատվում: 168.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենք բոլորին մշտապես հորդորում են այցելել Ղարաբաղ: «Կտեսնենք, թող գա այդ ժամանակը, պարզ կլինի»,- նկատեց նա: Հարցին, թե ղարաբաղյան կողմին չի՞ տեղեկացվել արդյոք նման այցի մասին, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ոչ: «Այն, որ հանդիպում լինելու է, դա հստակ է, բայց թե երբ ու որտեղ, ժամանակը ցույց կտա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: Խոսքը, ըստ նրա, ղարաբաղյան կողմի հետ հանդիպման մասին է:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 29-30-ը Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Սակայն օրերս ռուսական Ria գործակալությունը, հղում կատարելով ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրությանը Գերմանիայի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման մասին, տեղեկություն էր տարածել, թե Շտայնմայերը պատրաստվում է այցելել Ղարաբաղ: Այնինչ ԵԱՀԿ-ի վերոնշյալ հայտարարության  մեջ որևէ խոսք չկա Շտայնմայերի՝ Ղարաբաղ կատարելիք այցի մասին, խոսվում է միայն տարածաշրջան կատարելիք այցի մասին:

168.am-ին հաջողվեց կապ հաստատել ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության մամլո խոսնակ Հոլգըր Դրայսայքլի հետ, ով նշեց, որ հիմք պետք է ընդունել արդեն իսկ տարածված հաղորդագրությունը: Այցի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար նա հորդորեց դիմել այցի գերմանացի կազմակերպիչներին, որոնք դեռևս չեն պատասխանում 168.am-ի զանգերին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս