Բաժիններ՝

Էմոցիանե՞ր, թե՞ երկար մտածված որոշում. ինչո՞ւ է «այլմոլորակայինը» լքում Արգենտինայի ազգային հավաքականը

2016 թվականի Ամերիկայի գավաթը դարձավ վերջին կաթիլը, որ լցրեց աշխարհի լավագույն հարձակվող Լիոնել Մեսսիի համբերության բաժակը:

Արգենտինայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հեռանում է: Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ պարտվեց 4 եզրափակիչ և որոշեց, որ այլևս այսպես շարունակվել չի կարող:

«Որոշումն արդեն կայացված է: Ես շատ ջանք եմ գործադրել Արգենտինայի հետ գավաթ նվաճելու համար, բայց ոչինչ չստացվեց: Ես չխփեցի ամենակարևոր 11-մետրանոց հարվածը: Ահա և վերջ»:

Մեսսիի անհաջողությունները սկսվեցին 2007 թվականի Ամերիկայի գավաթում: Արգենտինան եզրափակչի ճանապարհին խփեց 16 գնդակ, բայց ամենակարևոր խաղում պարտվեց Բրազիլիային 3:0 հաշվով:

Կարդացեք նաև

Հաջորդ հարվածն Աշխարհի առաջնությունն էր Բրազիլիայում: Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտոլիստ, սակայն իր թիմը պարտվեց եզրափակչում Գերմանիային:

Մեսսին պարտվեց իր կարիերայի երրորդ եզրափակչում ևս: Այս անգամ՝ 2015 թվականի Ամերիկայի գավաթում: Կրկին Չիլիի հետ 11-մետրանոց հարվածներ, որտեղ Իգուաինի և Բանեգայի չիրացրած հարվածները վճռորոշ եղան Արգենտինայի համար:

Իսկ Ամերիկայի գավաթի 2016 թվականի եզափակչում ողջ պատասխանատվությունը Մեսսիի ուսերին էր: Չնայած առաջնության ողջ ընթացքում Մեսսին հիմնական գոլահարն ու գոլային փոխանցումներ կատարողն էր, ամենավճռորոշ պահին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Արդյունքում՝ Արգենտինայի հավաքականներում Մեսսին միայն նվաճեց մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը 2005 թվականին և 2008 թվականի Օլիմպիական խաղերը:

Messi

113 խաղ՝ հավաքականում, և ռեկորդային 55 գոլ:

Այս ճանապարհից հետո Մեսսիի ուժերը սպառվեցին: Առաջին անգամ իր կարիերայում Մեսսին արտասվեց հենց խաղադաշտում:

Լիոնել Մեսսին, այն ֆուտբոլիստը, ում առաջ խոնարհվում են խաղադաշտում, ում անունով երկրպագուներն իրենց երեխաներին են կոչում, ով 29 տարեկանում դարձել է միլիոնավոր մարդկանց կուռքը, չկարողացավ դիմանալ մամուլի, երկրպագուների ճնշումներին, և, չնայած միայնակ իր հետևից տանում էր ողջ հավաքականը, որոշեց, որ այլևս այսպես չի կարող:

Մեսսիի հայտարարությունից հետո թե՛ երկրպագուները, թե՛ մարզաշխարհի ներկայացուցիչներն աղոթում են, որ արգենտինացու խոսքերը հիմնված լինեն էմոցիաների, այլ ոչ՝ դատողությունների վրա, քանի որ չի կարելի պատկերացնել Մունդիալ-2018-ը՝ առանց ֆուտբոլային աշխարհի այլմոլորակայինի:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս