
«Հռոմի պապի դիրքորոշումը ճանապարհ կհարթի Հայոց ցեղասպանության նոր ճանաչումների համար». Սերժ Սարգսյան

Հայաստանն ակնկալում է, որ ավելի շատ երկրներ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումից ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետից հետո. tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հռոմի պապի սկզբունքային դիրքորոշումը և Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետները ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գերմանիան շատ կարևոր և նշանակալից դերակատարություն ունի միջազգային ասպարեզում, և այս որոշումը լավ օրինակ կծառայի այլ ազգերի համար՝ հետևելու և դրանից սովորելու համար»,- ասել է Հայաստանի Նախագահը:
Սերժ Սարգսյանը քննադատել է Եվրամիությանը միանալու ձգտումների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումը՝ ասելով, որ Անկարան փորձում էր օգտագործել բռնակալության քաղաքականությունը միության վրա ճնշում գործադրելու համար:
«Ես չեմ կարծում, որ Թուրքիան այնպիսի խաղացող է, որ կարող է պարտադրել իր տեսակետները կամ ճնշում գործադրել Եվրամիության վրա»,- ասել է նա:
«Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ հեռանկար, որ թույլ կտա Թուրքիային ճանապարհ հարթել Եվրամիությանը միանալու համար»,- հավելել է նա: