«Խորապես ցավակցում եմ զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք. Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը». Էրդողան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից անցած տարվա նոյեմբերին Սիրիայի տարածքում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանման և օդաչուի մահվան համար: Այս մասին լրագրողներին հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այդպիսով, ներողություն պարունակող ուղերձը, որը ռուսական կողմի պահանջն էր, Էրդողանը Պուտինին ուղարկել է դեպքից 7 ամիս անց:
Ուղերձից որոշ հատվածներ հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները:

«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- գրել է Էրդողանը:

Այնուհետ ասվում է, որ թուրքական կողմը «դիմելով ռիսկի և մեծ ջանքեր գործադրելով, վերցրել է ռուս օդաչուի մարմինը սիրիացի ընդդիմադիրներից և այն տեղափոխել Թուրքիա: Մինչհուղարկավորության արարողության կազմակերպումն անցկացվել է համաձայն կրոնական և զինվորական արարողակարգի: Այդ ամբողջ աշխատանքը իրականացվել է թուրք-ռուսական հարաբերություններին արժանի մակարդակով:
Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ խորապես ցավակցել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրք ընտանիք: Հանուն ցավի թեթևացման և հասցված վնասի ծանրության՝ պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել է Էրդողանը:

Ուղերձում նաև նշվում է, որ ընթանում է դատական հետաքննություն Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, որը «ասոցացվում է ռուս օդաչուի մահվան հետ»:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ և ընդգծել պատրաստակամությունը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ վերականգնելու Թուրքիայի և Ռուսաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև համատեղ արձագանքել տարածաշրջանի ճգնաժամային իրադարձություններին, պայքարել ահաբեկչության դեմ:

Տեսանյութեր

Լրահոս