«Ներողություն». Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից խոցված ինքնաթիռի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական «Սու-24» օդաչուի մահվան համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ուղերձ է ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանից, որտեղ թուրք նախագահը հայտնել է իր շահագրգռությունը իրավիճակի կարգավորման հարցում՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Էրդողանը ուղերձում ցավակցել է զոհված ռուս օդաչուի հարազատներին ու ասել է «ներողություն»:
«Էրդողանը խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ վերականգնելու Թուրքիայի և Ռուսաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև համատեղ արձագանքել տարածաշրջանի իրադարձություններին, պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Պեսկովը:
Ուղերձում նաև նշվում է, որ կատարվում է հետաքննություն Թուրքիայի քաղաքացու նկատմամբ, որը «ասոցացվում է ռուս օդաչուի մահվան հետ»:
Նամակում, որի պարունակությունը ներկայացնում է մամուլի ծառայությունը, Էրդողանը գրում է, որ թուրքական կողմը, «դիմելով ռիսկի և մեծ ջանքեր գործադրելով, վերցրել է ռուս օդաչուի մարմինը սիրիացի ընդդիմադիրներից» և տեղափոխել Թուրքիա:
«Մինչհուղարկավորության արարողության կազմակերպումն անցկացվել է համաձայն կրոնական և զինվորական արարողակարգի: Այդ ամբողջ աշխատանքը իրականացվել է թուրք-ռուսական հարաբերություններին արժանի մակարդակով»,- գրել է Էրդողանը: