«Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով». Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում: Այսօրվա քննարկմանը նա նշեց, որ շատերն այլ տեսանկյունից են նայում ու այլ գնահատականներն են տալիս հայ-թուրքական հարաբերություններին, ինչը, ըստ նրա՝ սխալ է. «Հիմնական սպառնալիքն ու այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը, ստեղծվում է ոչ թե Բաքվում, այլ Ստամբուլում: Չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակ, որը գործում է Թուրքիայի հրամանով»:

ՀՀ ՊՆ նախկին նախարարը նկատեց՝ Վրաստանն ու Ադրբեջանը գնացին եվրոպական ուղով, ուզում էին մտնել Եվրամիություն, որից դուրս է գալիս Անգլիայի նման պետությունը, իսկ Հայաստանը գնաց այլ ուղով, և արդյունքում, ըստ նրա՝ մենք ունենք հզոր բանակ, որն ունակ է դիմադրել ադրբեջանական բանակին՝ չնայած նրանց տեխնիկային. «Ադրբեջանական բանակն ունակ չէ կռվելու, չնայած՝ միլիարդավոր դոլարներ է ներդրել, իր սպաներին ուղարկել է Թուրքիա՝ կրթվելու, որտեղ նրանց ոչ թե զինվորական գործ են սովորեցրել, այլ՝ հակահայկական գաղափարախոսություն: Հենց թուրքերն են դրանով զբաղվել»:

Նրա խոսքով՝ տարածաշրջանը միշտ հանգիստ է եղել այն ժամանակ, երբ այնտեղ իշխել է Ռուսական կայսրությունը կամ Խորհրդային Միությունը. «Հենց Ռուսաստանը գնացել է այս տարածաշրջանից, կամ փլուզվել է Սովետական Միությունը, սկսվել են պատերազմները: Ահա 25 տարի պատերազմի մեջ ենք: Միակ բանը, որ կարող է սառեցնել իրավիճակը, կարող է լինել միասնական ինչ-որ կառույց, որի մեջ կմտնեն տարածաշրջանային պետությունները: Բայց դա այսօր քիչ հավանական եմ համարում, որովհետև շատ խաղացողներ կան, որ գործում են դրա դեմ: Առաջին հերթին, եթե ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, պետք է ամբողջ ուժերը ներդնենք՝ փոքրացնելու Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում: Քանի Թուրքիան այստեղ է, տարածաշրջանում ոչ մի խաղաղություն չի լինի: Նա ոչ միայն՝ Կովկասում, այլև՝ Մերձավոր Արևելքում, ներկայանում է՝ ինչպես պետություն-տերմինատոր: Նա քայքայում է բոլոր պետությունները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս