«Հանցախմբի» գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան. ովքեր և ինչում են մեղադրվում

Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործից մաս է անջատվել, որն արդեն ուղարկվել է դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ում վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 4 ամբաստանյալներն էլ կալանավորված են:

Հակոբ Հակոբյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են՝ ըստ անհրաժեշտության գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին»:

Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա Հակոբ Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են՝ ըստ անհրաժեշտության գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին»:

Հարություն Հովհաննիսյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են՝ ըստ անհրաժեշտության գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, Գյումրիում 900 ԱՄՆ դոլարով իրացրել է»:

Կարդացեք նաև

Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են՝ ըստ անհրաժեշտության գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իրացրել է իր կողմից»:

Հունիսի 17-ին քրեական գործն ընդունվել է դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ, դատական նիստի օր դեռևս չի նշանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս