
«Դորտմունդյան ակումբը պատրաստ է անգամ ուժով պահել Մխիթարյանին». Պրայս

«Daily Star» պարբերականը ամառային տրանսֆերային պատուհանի նորությունների մասին խոսել է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լիլ Պրայսի հետ:
Այս ամառվա ամենաբարդ տրանսֆերներից մեկը, ըստ Պրայսի՝ Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն է:
Ըստ Պրայսի՝ Մխիթարյանի ակտիվությունն և գոլերին մասնակցություն ունենալն է գրավել անգլիական ակումբին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը խփել էր 18 գոլ և դարձել էր 20 գոլի հեղինակ:
«Մխիթարյանի տրանսֆերը գերազանց ձեռքբերում կլինի: «Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է ֆուտբոլիստի, ով կօգնի արագացնել խաղը, կստանձնի փլեյմեյքերի պատասխանատվությունը:
Դորտմունդյան ակումբը պատրաստ է անգամ ուժով պահել Մխիթարյանին: Նրանք հասկանում են, որ Հենրիխը գերազանց մարզավիճակում է: Կրկնվում է Լևանդովսկու պատմությունը»,- նշել է Պրայսը:
Ըստ Պրայսի՝ դորտմունդցիները բաց կթողնեն Մխիթարյանին միայն այնպիսի գումարի դիմաց, որով կկարողանան Մխիթարյանի մակարդակի մեկ այլ ֆուտբոլիստ գնել:
Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ Պրայսը համոզված է, որ Մոուրինիոյի թիմը կհամալրվի Մխիթարյանով:
Պրայսը նշել է նաև, որ Մխիթարյանի տեղափոխությունը տխուր նորություն կինի Մատայի համար, ով շատ է զիջում Հենրիխին ֆիզիկապես և խաղում է նրա հետ նույն դիրքում:
Սիրարփի Աղաբաբյան