
Իրաքի բանակը ԴԱԻՇ-ից ազատագրել է Ֆալուջա քաղաքը

Իրաքի զինված ուժերն ամբողջությամբ ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Էլ-Ֆալուջա քաղաքը, որը գտնվում է Բաղդադից 50 կմ հեռավորության վրա:
Այս մասին հայտնել է Իրաքի բանակի գեներալ-լեյտենանտ Աբդուլ-Վահաբ ալ-Սաադին, որը ղեկավարել է հակաահաբեկչական ուժերն ու քաղաքի ազատագրման գործողությունը, հայտնում է Associated Press-ը:
Գտնվելով քաղաքի կենտրոնում՝ Ալ-Սաադին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Իրաքի ժողովրդին ու երկրի գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Հայդեր ալ-Աբադիին:
Իրաքի բանակը հունիսի 17-ին վերահսկողություն էր սահմանել տեղի ադմինիստրատիվ շենքի նկատմամբ ու դրա վրա բարձրացրել Իրաքի պետական դրոշը:
Իրաքյան քաղաքի ազատագրման օպերացիան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից շարունակվում էր 2016թ. մայիսի վերջից: Հարձակմանը մասնակցում էր նաև Իրաքի շիական ոստիկանությունը: Նրանց երկնքից աջակցում էին նաև միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը:
Օպերացիայի հետևանքով, հունիսի 9-ի տվյալների համաձայն, ոչնչացվել է նվազագույնը 1300 իսլամիստ:
Քաղաքը ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո էր գտնվում 2014 թվականից:
Քաղաքը համարվում էր ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենակետը: