Պապը փորձում է խաղաղություն կառուցել. Լոմբարդիի պատասխանը թուրքական արձագանքին

Հռոմի պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-­որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի»: «Արմենպրես»­-ի փոխանցմամբ`Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին` անդրադառնալով ցեղասպանության մասին Պապի ելույթի առնչությամբ պաշտոնական Անկարայի հայտարարությանը: «Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գծելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին,- ասաց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

Բացի այդ` Լոմբարդին հորդորեց խուսափել «խաչակրաց ոգի» արտահայտությունից` նշելով, որ «Պապը երբևէ խաչակրաց արշավի չի ելել, նա ոչ թե փորձում է պատերազմ մղել, այլ` խաղաղություն կառուցել»:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի հաղորդմամբ` Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին «մեծ դժբախտություն» է անվանել Պապի հայտարարությունը: Նա նշել է, թե դա ցույց է տալիս «Պապական աթոռի խաչակրի գիտակցությունը»: «Դա օբյեկտիվ հայտարարություն չէր, այն իրականության հետ որևէ առերեսում չուներ»,­ասել է Ջանիկլին: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-­ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների,հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապեսպատրաստած և լրատամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:

Տեսանյութեր

Լրահոս