Բաժիններ՝

Որ ընկերություններն են շահել Brexit-ից

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին չնայած միջազգային շուկաներում անկում գրանցվեց, մի շարք ընկերությունների արժեթղթերը, հակառակը, թանկացել են։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ամենից շատ արժևորվել են SPDR Gold Shares և British American Tobacco Plc ընկերությունների արժեթղթերը։ British American Tobacco Plc-ի բաժնետոմսերը հունիսի 24-ին մեկ օրում արժևորվել են 2.6%-ով՝ FTSE 100 ինդեքսի անկման ֆոնին։ Իսկ տարվա կտրվածքով՝ այս ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 16%-ով։

Այս ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը Capital Group-ն է, որը 2016-ի ընթացքում իր մասնակցությունը հասցրել է 5.6%-ի։ Capital Group-ը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ Bloomberg-ին։ Գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ British American Tobacco Plc-ի արտադրանքի վաճառքի ծավալներն արտերկրում ավելի մեծ են, քան Մեծ Բրիտանիայում, ինչի պատճառով բրիտանական ֆունտի թուլացումը ձեռնտու է ընկերությանը։

Նույնը վերաբերվում է նաև վիսկի արտադրող Diageo Plc ընկերությանը։ Bloomberg-ը նշում է, որ ընդհանրապես, ծխախոտի և ալկոհոլի արտադրությունը միշտ էլ կայուն է եղել ճգնաժամի ժամանակ։

Brexit-ի լուրերի ֆոնին բաժնետոմսերի արժեքի աճ գրանցած մյուս ընկերությունը SPDR Gold Shares ինդեքսային ֆոնդն է, որի բաժնետոմսերն արժևորվել են 4.8%-ով։ Ֆոնդի բենեֆիցիար Eton Park Capital Management-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։

Շվեյցարական UBS Group AG ֆինանսական կոնգլոմերատի բաժնետոմսերը նույնպես աճել են 2.5%-ով։

Իսկ ամենամեծ կորուստն ունեցել է բրիտանական Taylor Wimpey շինարարական ընկերությունը։ Դրա բաժնետոմսերի արժեքը նվազել է 29%-ով՝ մտահոգությունների պատճառով, որ բնակելի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կնվազի։

Իսկ Royal Bank of Scotland Group Plc-ի բաժնետոմսերը արժեզրկվել են 18%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս