
Պապը եկել էր հարցնելու` արդյոք դուք հավատո՞ւմ եք ձեր իմաստուններին. Զավեն Խաչիկյան

Ի՞նչ էր նշանակում Պապ Ֆրանցիսկոսի հարցական հայացքը լուսանկարներում… Հայ մի մեծ իմաստուն հետևյալ խոսքերն է ասել. «Կաթոլիկ ու լուսավորչական, դաշնակ ու ռամկավար, հայախոս ու թրքախոս, բուրժուա և չքավոր մեծ զարհուրանքի մեջ, մեծ գաղթի ճանապարհներին միասին էինք, միմյանց վերքեր էինք լիզում: Ի՞նչ է, բուժեցինք, կազդուրեցինք, որպեսզի նորից միմյանց կոկո՞րդ կրծենք, թվացյալ փառքի ու հացի փա՞յ խլենք միմյանցից, ինքներս մեր ամբողջությունը և այդպիսով կայանալիք հայրենիքի զորությու՞նը ծվատենք, մերպեսներին պատմությունը չի՞ կոչի հիմարներ:
Բախտը մեզ ձեռնոց է նետել, և փոխանակ տղամարդու պես բարձրացնենք ձեռնոցը՝ երես ենք դարձրել և զբաղված ենք բոլորովին այլ բաներով: Թող մեր այսօրվա վարքը այնպես լինի, որ վաղը օդը հստակված և հայոց մեր երկինքը բաց լինի, կարողանանք միմյանց աչքերի շիտակ նայել:
Չտրոհենք անտրոհելին. և՛ այսօր, և՛ վաղը մենք միմյանց ենք պատկանում»: Պապը եկել էր հարցնելու. արդյոք դուք հավատո՞ւմ եք ձեր իմաստուններին, ամենաժամանակակցին՝ Հրանտ Մաթևոսյան: Ես հավատում եմ:
ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ
Հատուկ «168 ժամի» համար