ՓՄՁ կշիռը ՀՆԱ-ի մեջ նվազում է
Ընդհանուր առմամբ, փոքր ու միջին ձեռնարկությունները ապահովում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի 33%-ը։ Այս մասին նշվում է ՓՄՁ հարկային դաշտի վերաբերյալ 2013-2015 համեմատական զեկույցում, որը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից։
Ինչպես երևում է զեկույցում բերված գծապատկերից, 2013-2015թթ. ընթացքում ՓՄՁ տեսակարար կշիռը տնտեսության մեջ գնալով նվազել է։
2013 թվականին տարեկան արդյունքներով ՓՄՁ-ն ապահովել է ՀՆԱ-ի 34.2%-ը, 2014 թվականին՝ 32.4%-ը։ Իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը նվազել է ևս 0.2 տոկոսային կետով և հասել 32%-ի։
2013 թվականին գերփոքր ձեռնարկությունները գեներացրել են 412.7 մլրդ դրամ շրջանառություն, որը կազմել է ՀՆԱ-ի 9.05%-ը, 2014 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 417.2 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 8.64%-ը), 2015-ին՝ 439.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 8.7%-ը)։
Նշենք, որ գերփոքր համարվել են այն ձեռնարկությունները, որոնք ունեն մինչև 10 աշխատող և որոնց նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցել 100 մլն դրամը (կամ տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը փոքր է եղել 100 մլն դրամից)։