Բաժիններ՝

Ինչո՞ւ Հռոմի Պապը փոխեց նախապես գրված ելույթի տեքստն ու արտասանեց «ցեղասպանություն» բառը. պարզաբանում է նրա մամուլի խոսնակը

Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիոսկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նվիրել է Տիրամոր խճանկար, իսկ կաթողիկոսը Պապին նվիրել է գավաթ-սկիհ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով Հռոմի Պապի Հայաստան այցի առաջին օրը, ասաց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

Նա նշեց, որ կաթողիկոսը Պապին նվիրել է նաև մի մանրանկար, որում պատկերված է Պապը, ինչպես նաև հայ նահատակների պատկերը, որը Ֆեդերիկո Լոմբարդիի բնորոշմամբ՝ շատ հուզիչ պահ էր:

«Բոլորդ նկատեցիք երևի մի փոքր հավելում Պապի կողմից, երբ նա օգտագործեց ցեղասպանություն բառը. Պապը ոչ միայն արտասանեց, նա նաև ավելացրեց ևս մեկ դիտարկում: Նա ասաց, որ այս ողբերգությունը 20-րդ դարի առաջին աղետներից էր, որը «իրականացվել է ռասսայական գաղափարախոսական կամ կրոնական մոտիվներով. դահիճի արարք, որի վերջնական նպատակը մի ամբողջ ազգի ոչնչացումն էր»:

Սա նկարագրում է՝ ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանությունը: Մեծ տերություններն իրենց պատասխանատվության բաժինը չեն ընդունել: Պապն ասաց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում առաջինն էր, որին հետևեցին ուրիշ ոճրագործություններ՝ ֆաշիզմը և խորհրդային ռեժիմը»,-նշեց Ֆեդերիկո Լոմբարդին:

Ֆեդերիկո Լոմբարդին խոստովանեց, որ Հռոմի պապի նախնական ելույթում «ցեղասպանություն» բառը չկար, բայց վերջինս անակնկալ հայտարարեց, որովհետև ցանկանում էր դա կրկին ասել:

Խոսելով «եղեռն» և «ցեղասպանություն» տերմինների մասին՝ Ֆեդերիկո Լոմբարդին նշեց, որ մեծ եղեռնը ավելի շատ օգտագործվում է հայոց պատմությունը նկարագրելու դեպքում, իսկ ցեղասպանությունը հստակ ամփոփում է իրողությունը. ««Մեծ Եղեռնը» հայ ժողովուրդ կողմից օգտագործվող դասական բառակապակցությունն է, ինչպես «շոան»՝ հրեաների համար: Մինչդեռ, «ցեղասպանություն» բառը հստակ ամփոփում է իրողությունը:

Հենց նույն նախադասության մեջ Պապն օգտագործեց երկուսն էլ: Ցեղասպանություն՝ ինչպես դա կոչվում է, ու նաև բացատրեց, թե ինչ է ցեղասպանությունը: Բոլորը գիտեն, որ դա իրականություն էր: Պապը նախկինում բազմիցս հաստատել է: Դուք կարող եք ինքներդ գնահատել՝ արդյոք որոշ եզր գործածելը ճիշտ է, թե ոչ: Մենք երբևէ չենք ժխտել, որ դա իրականությունն է: Մի քանի շաբաթ առաջ մի զրույցի ընթացքում, որը նվիրված էր Միջին Արևելքում ապրող քրիստոնյաների խնդիրներին, Պապն ասաց, որ ինքը նախընտրում է օգտագործել «ցեղասպանություն» բառը, որովհետև քաղաքականապես լիցքավորված բառ է»,- ասաց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը:

Հարցին, թե Պապի այս քայլից հետո արդյոք ակնկալո՞ւմ եք որևէ արձագանք Թուրքիայի կողմից՝ Ֆեդերիկո Լոմբարդին պատասխանեց, որ ինքը Թուրքիայի փոխարեն չի կարող պատասխանել: Նրա խոսքով՝ Պապը խոսում էր խաղաղության և հանդուրժողականության լեզվի մասին. «Պետք է հասկանալ՝ ինչ դասեր քաղել անցյալից: Եվ դա հենց այն է, ինչի մասին խոսում էր Պապը»:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հռոմի Պապը ազատ է իր խոսքում և վերջին պահին է փոխել նախապես գրված տեքստի մեջ որոշակի բառեր ու օգտագործել է այդ եզրույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս