Թուրք դիվանագետը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ «Ինջիրլիք» բազա գերմանացի քաղաքական գործիչների այցը մերժելու համար

Թուրք հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա գերմանական պատվիրակության այցը չեղյալ հայտարարելու հետ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սավսան Չեբլին:

«Կարող եմ ավելացնել, որ ԱԳՆ-ն երեկ հանդիպում էր որոնում թուրքական կողմի հետ տարբեր մակարդակներում: Արդյունքում՝ զրույց տեղի ունեցավ գործերի հավատարմատարի հետ Բեռլինում՝ ԱԳՆ շենքում, որտեղ մենք վճռականորեն ասացինք, որ պետքարտուղարը կարող է այցելել Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա: Մենք ասացինք, որ հավատարիմ ենք այցի պլաններին»,- ասել է Չելբին:
Հարցին՝ արդյո՞ք իրավիճակը ինչ-որ լուծում ստացել է, նա բացասական պատասխան է տվել:

Գերմանական պատվիրակությունը ավիաբազա է պլանավորել այցելել հուլիսին:
Գերմանական Spiegel ամսագրի տեղեկություններով, որը հղում է կատարում իր աղբյուրներին, գերմանական պատվիրակության այցը արգելափակվել է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի պատճառով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ: Բանաձևի հեղինակը ծագումով թուրք գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էր:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Տեսանյութեր

Լրահոս