Բրիտանական հանրաքվեն «արմատական բեկում» Է նշանակում Եվրոպայի համար. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի ելքը մեծ ափսոսանք է առաջացնում, եւ հունիսի 28-ին Բունդեսթագի անդամները կտեղեկացվեն այդ որոշման կապակցությամբ ԳՖՀ-ի նախարարների կաբինետի դիրքորոշման մասին:

«Մենք մեծ ափսոսանքով պետք է ի գիտություն ընդունենք Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնության որոշումը, որոնք ցանկանում են վերջ դնել ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցությանը»,-ասել է նա: «Ես Բունդեսթագի անդամներին, որոնք հունիսի 28-ին հավաքվելու են արտահերթ նիստի, կտեղեկացնեմ այդ հարցի շուրջ ԳՖՀ-ի կառավարության դիրքորոշման մասին»,- հայտնել էԷ Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ հանրաքվեի ելքը «արմատական բեկում է նշանակում Եվրոպայի, եվրոպական միավորման գործընթացի համար»:

«Հանրակցությունից ԵՄ-ի անդամներից մեկի դուրս գալու համար եվրոպական համաձայնագրերը հստակ ընթացակարգ են նախատեսում, այն ենթադրում Է բազմամյա բանակցություններ, որոնց արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի Մեծ Բրիտանիայի դուրս գալու մանրամասների շուրջ»,- նշել է Մերկելը:

Նա ճշտել է, որ բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում: «Բոլոր իրավունքներն ու պարտականությունները անհրաժեշտ է պահպանել մինչեւ հանրակցությունից երկրի լիակատար դուրս գալը: Դա հավասարապես վերաբերում է երկու կողմերին: Մեր նպատակը պետք է լինի Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ի սերտ եւ գործընկերության վրա հիմնված հարաբերությունների կառուցումը»,-հայտարարել է Մերկելը:

Կանցլերը հայտնել է, որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին հրավիրել է Բեռլին, որպեսզի քննարկեն հանրաքվեի արդյունքների շուրջ ստեղծված իրադրությունը: Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին:

«Գերմանիան հատուկ հետաքրքրություն ունի եւ առանձնակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ եվրոպական միասնությունը կայանա: Դրա համար էլ ես Դոնալդ Տուսկին, Ֆրանսուա Օլանդին եւ Մատեո Ռենցիին բանակցելու եմ հրավիրել Բեռլին»,-ասել է Մերկելը:

«Եվրամիությունը բավականաչափ ուժեղ է, որպեսզի ճիշտ պատասխաններ գտնի այսօր ստեղծված իրադրության համար»,- հավելել է Գերմանիայի կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս