Ինչու է հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնում է ընդամենը 2,58 դրամով

Օգոստոսի 1-ից Հայաստանի տարածքում գործելու է էլեկտրաէներգիայի նոր սակագին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն հաստատվեց սակագնի նվազեցման նախագիծը: Ադյունքում սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1-ից նվազում է 2,58 դրամով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց ցերեկային և գիշերային սակագները: Այն է` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` ցերեկային սակագին` 46.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին` 36.2 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Նիստին ներկա սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունների ներկայացուցիչները հարց բարձրացրեցին այն մասին, որ նախորդ տարի հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել էր գրեթե 7 դրամով` պայմանավորված ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրներով: Այսօր հանձնաժողովն իջեցնում է ընդամենը 2,58 դրամով: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ի պատասխան՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ դա պայմանավորված է մի քանի գործոններով:

«Նախորդ տարի, երբ գրեթե 7 դրամով բարձրացվեց էլեկտաէներգիայի սակագինը, այդ ժամանակ հիմնական խնդիրը ՀԷՑ-ի փոխհատուցմանն էր վերաբերում: Այդ սակագնում փոխհատուցման գումարային չափը կազմում էր շուրջ 5 դրամ: Այս տարի ՀԷՑ-ը տարբեր գործոններով պայմանավորված օգուտ է ունեցել: Հիմա, եթե մենք դիտարկենք միայն ՀԷՑ-ի գործոնը, ապա կարող ենք ասել, որ սակագինը 5 դրամով կարող է նվազել, սակայն գումարվում են համակարգի մյուս խնդիրներ ու գործոններ, որոնք բերում են 2,74 դրամ սակագնի ավելացման և այս երկու գումարելիների արդյունքում 2,58 դրամ գործող սակագները նվազեցին»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Համակարգի ի՞նչ խնդիրների ու գործոնների մասին է խոսքը: Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ամենամեծ գոծոնը Հայկական ատոմային էլեկտրակայանն է:

«Ատոմակայանը նախորդ տարվա հաշվարկում 2,4 մլրդ կՎտ ժամ էր արտադրում, հիմա 250 մլն կՎտ ժամով ավելի պակաս, քանի որ աշխատաքները որոշ ժամկետով դադարեցվելու են: Եվ ահա այդ չարտադրված էլետրաէներգիան պետք է փոխարինվի այլ կայանների արտադրանքով, որը թանկ է: Դա արդեն բերեց բացասական հետևանքի, ծախսերի ավելացման: Հաջորդ գործոնը. ինչպես գիտեք, իրականացվում են բարձրավոլտ էլեկտրացանցերի երկու խոշոր ծրագրեր, մասնավորապես Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծն է սկսում կառուցվել և Վրաստանի ուղղությամբ ենթակայան է կառուցվում, ավելացվում են էլեկ տրաէներգիայի արտահանման, ներմուծման հզորությունները: Ահա այդ ծրագրերի վարկային միջոցների սպասարկման ու մարման հաշվարկն է դրված»,-ասաց Գարեգին Բաղրամյանը:

Լարգրողների խնդրանքով սպառողների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների բարձրացրած հարցին անդրադարձավ նաև ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Սակագները հաշվարված են ճշգրիտ, հաշվարկի համար ընտրված են ճիշտ մեխանիզմներ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կարեն Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս