«Հնարավոր է՝ Հռոմի պապի այցելությունը վերացնի ագրեսիան հայերի մեջ». Երևանցիները՝ Հռոմի պապի այցի մասին
«Անիվը լրիվ ֆռռացել է, ու եկել է սկիզբը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր համաքաղաքացիներից մեկը՝ խոսելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի մասին: Հիշեցնենք, որ Հռոմի պապի ինքնաթիռը Հայաստան կժամանի ժամը 15:00-ին:
Երևանիցները մեզ հետ զրույցում իրենց ոգևորությունն էին հայտնում Պապի ժամանման վերաբերյալ: Շատերը հավատացած էին, որ այս այցելությունը մեծ նշանակություն է ունենալու մեր երկրի ու, առհասարակ, մեր ազգի համար:
«Ես շատ ոգեշնչվում եմ, ու լավ եմ զգում՝ որպես հայ, որպես համայն մարդկության մի մաս… Այս Պապը շատ ավելի լավն է, քան մյուսները, որովհետև ավելի քիչ է քաղաքականացված, ու նվիրված է ընդհանրապես մարդկությանը, ոչ միայն՝ քրիստոնյաներին: Երեկ իր նախաելույթը կարդացի, ինքն ավելի շատ է ոգևորված, քան մենք. դա արդեն շատ կարևոր է: Նրա նման մարդու այստեղ գալն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան՝ որպես Հռոմի պապ, որովհետև Հոռմի պապ էլի է եկել, նստած էր եկեղեցու մոտ… ու գնաց, իսկ սա, նայեք՝ ինչ ծրագրերով է եկել»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը:
Մի տղամարդ էլ կարծիք հայտնեց, որ Հռոմի պապի այցելությունը մեզ համար մեծ խորհուրդ ունի, որովհետև «Հռոմի պապը համայն քրիստոնեության գագաթնակետն է համարվում». «Կարծում եմ՝ Հռոմի պապը հենց ինքն էլ է շատ ոգևորոված այս այցից, քանի որ Հայաստանն էլ քրիստոնեությունն ընդունած ու այդ արժեքների համար բավականին մեծ զոհեր տված առաջին երկիրն է: Հռոմի պապի այցը մեզ համար մեծ խթան է, որ մենք ամեն մեկս մեր մեջ վերանայենք մեր քիստոնեական արժեքներն ու փորձենք նորից ապրել՝ ըստ քրիստոնեական դավանանքի»:
Մի կին էլ նշեց, որ կարծում է՝ շատ խնդիրների պատճառով մեր ժողովրդի մեջ ագրեսիա է կուտակվել, և հույս հայտնեց, որ Հռոմի պապի այցը կարող է այդ ագրեսիան վերացնել. «Մարդկանց մեջ կարող է կարողանա փոփոխություն տեղի ունենա, ագրեսիան վերացնի, մարդիկ ագրեսիվ են դարձել, կարող է և՝ փոխվի դա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: