Հայաստանի գործարար շրջանակները տեղյակ չեն ՌԴ ԿԲ նախազգուշացումներից
Հայաստանի գործարար շրջանակները տեղյակ չեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախազգուշացումների մասին: Մասնավորապես՝ ՌԴ ԿԲ-ն այսօր զգուշացրել էր Հայաստանի ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին, որ ռուսաստանյան բանկերը կարող են ներգրավվել կասկածելի գործարքների մեջ, որոնք ներկայացնում են իրենց հաճախորդները Մաքսային միության երկրների ապրանքների հաշվարկի ժամանակ:
ՌԴ ԿԲ-ն ռիսկեր է տեսնում՝ կապված, այսպես կոչված, բելառուսաղազախական սխեմայի տարածման հետ, որը ենթադրում է դրամական միջոցների անօրինական դուրսբերում և վերոնշյալ երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծում ենթադրող գործարքներում հնարավոր ռիսկեր:
168.am-ի հետ զրույցում «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը, որ ակտիվորեն զբաղվում է դեպի ԵՏՄ և երրորդ երկրներ արտահանմամբ և ներկրմամբ, նշեց, որ խոշորն գործարարներն այսօր նման որևէ խնդիր չունեն. «Խոշորների հետ կապված՝ նման խնդիր չի կարող լինել»: Ըստ նրա՝ Հայաստանի հարկային մարմինները խստորեն հետևում են բոլոր շարժերին: Գ.Նիկողոսյանը ենթադրեց, որ, գուցե խոսքը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին:
Հայաստանի Առևտրարդյունաբերական պալատում խնդրին տեղյակ չէին: ԵՏՄ ջատագով տնտեսագետ Աշոտ Թավադյանը նույնպես տեղյակ չէր և դժվարացավ մեկնաբանել ՌԴ ԿԲ հայտարարությունը:
ՀՀ Կենտրոնական բանկից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել և խոստացան պարզաբանել, թե ի՞նչ ֆիկտիվ ներմուծման սխեմայի, կասկածելի գործարքների ու անօրինական դուրս բերվող դրամական միջոցների մասին է զգուշացնում ՌԴ ԿԲ-ն: